Եթե Դեշամը հեռանա, ակնհայտ է, որ այդ դեպքում կմտածենք Զիդանի մասին․ Ֆրանսիայի ՖՖ նախագահ

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն կարծում է, որ Ֆրանսիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կարող է մնալ իր պաշտոնում 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո։

Սակայն եթե մասնագետը լքի պաշտոնը, ապա նրան փոխարինելու թեկնածուներից մեկը կարող է լինել Զինեդին Զիդանը։

«Ենթադրենք՝ Դիդյեն ինձ ասում է, որ հեռանում է կամ չի ցանկանում շարունակել աշխատանքը։ Ակնհայտ է, որ այդ դեպքում կմտածենք Զիդանի մասին, եթե նա այդ պահին ազատ լինի։ Մենք նոր ենք որակավորվել Աշխարհի գավաթի համար, ուստի հիմա ժամանակը չէ խոսելու այդ մասին»,-  մեջբերում է Լե Գրենին Lequipe-ն:

Դեշամի պայմանագիրն ուժի մեջ է մինչև աշխարհի առաջնության ավարտը։ Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը գործազուրկ է 2021 թվականի մայիսի վերջից, երբ հեռացավ «Ռեալից»։