Ֆուտբոլային ենթակառուցվածքների առումով Հայաստանը ոչնչով չի զիջում ԱՄՆ-ին․ Անդրանիկ Կարապետյան

Վերջին տարիներին ֆուտզալի Հայաստանի հավաքականը զգալիորեն բարելավել է ցուցադրած խաղը և գրանցած արդյունքները, ինչի վառ ապացույցն այն է, որ մեր ազգային ընտրանին մի քանի անգամ հաղթահարեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլը՝ դուրս գալով էլիտ ռաունդ։ Գրանցած հաջողություններում իր մեծ ավանդն ունի հավաքականի նախկին անդամ Անդրանիկ Կարապետյանը։

Անդրանիկը ֆուտզալով սկսել է զաղվել 2015 թվականից և կարճ ժամանակում հասել մեծ նվաճումների․ մասնավորապես՝ իր առաջին մրցաշրջանում դարձել է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու, վեց անգամ էլ նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Նրա հետ զրուցել ենք ֆուտբոլային կարիերայում ունեցած դժվարությունների, ֆուտզալում գրանցած հաջողությունների, ԱՄՆ-ում և Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի տարբերությունների, ինչպես նաև այլ հետաքրքիր թեմաների մասին։

-Անդրանիկ, քո պրոֆեսիոնալ կարիերան սկիզբ է առել ֆուտբոլում, որի ընթացքում հանդես ես եկել հայկական մի քանի ակումբներում։ Որո՞նք են այդ տարիներից ունեցած ամենատպավորված հիշողությունները։

-Ակումբային կարիերայում հաջողություններս այնքան էլ մեծ չեն։ Ամենամեծ նվաճումը թերևս կարելի է համարել «Ալաշկերտի» հետ առաջին խմբում ունեցած չեմպիոնությունը, որի արդյունքում նվաճեցինք բարձրագույն խմբի ուղեգիր։ Բայց դրան զուգահեռ հանդես եմ եկել Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականում։ 2007 թվականին այդ թիմի հետ Չեխիայում մասնակցել եմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։ Այնուհետև հրավիրվել եմ Մ-19 տարեկանների հավաքական, բայց արհեստական խոչընդոտների պատճառով հնարավորություն չստացա ինձ դրսևորելու։

-Ի՞նչ խոչնդոտների մասին է խոսքը։

-Բոլոր չակերտները չեմ կարող բացել։ Բայց մարզիչները հավանություն էին տվել իմ ցուցադրած խաղին, և ես շանս կունենայի ինձ դրսևորելու, սակայն որոշ մարդիկ՝ ծանոթ-բարեկամ սկզբունքով, խառնեցին բոլոր խաղաքարտերը։ Եթե ես կարողանայի Մ-19 տարեկանների հավաքականում խաղալ, կարիերաս շարունակություն կստանար, սակայն ինձ զրկեցին այդ հնարավորությունից, ինչի արդյունքում մեկնեցի զինվորական ծառայության։ Վերադառնալուց հետո եղան փորձեր՝ ամեն բան նորից սկսելու, բայց հոգեբանական խնդիրները խանգարեցին ֆուտբոլիստի կարիերաս շարունակելու գործում։

-Քեզնից երկար ժամանակ չպահանջվեց, որ շարունակություն գտնես մարզական ասպարեզում, բայց այս անգամ ֆուտբոլին փոխարինեց ֆուտզալը։ Ինչպե՞ս առաջացավ միտքը՝ ֆուտզալով զբաղվելու։

-Անկեղծ ասած սկզբում ցանկություն չի եղել ֆուտզալով զբաղվելու։ Առանցքային դեր խաղաց այն փաստը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմում ընկերներս էին խաղում։ Եվ հենց նրանց խորհրդով որոշեցի փորձել ուժերս։

-Եվ նորամուտդ ուղղակի հրաշալի ստացվեց։ Առաջին իսկ մրցաշրջանում խփած 47 գոլով ճանաչվեցիր Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու։

-Այո, 2015 թվականն այդ առումով իսկապես շատ լավ դասավորվեց։ Բացի լավագույն ռմբարկու դառնալս, այդ և հաջորդ մրցաշրջաններում կարողացանք նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Այդ ամենը հնարավորություն տվեց ինձ մասնակցել Չեմպիոնների Լիգային։ Ուղղակի անմոռանալի հիշողություններ են։

-2016 թվականին առաջին անգամ հրավեր ստացար ֆուտզալի ազգային հավաքականից և կարողացար նորամուտիդ խաղում դառնալ դուբլի հեղինակ։ Ինչպես ցույց տվեց ժամանակը, դա հաջողությունների միայն սկիզբն էր։

-Շվեդիայի հավաքականին երկու գոլ խփելով տրվեց հավաքականում անցկացրածս հրաշալի տարիների մեկնարկը։ Տրամաբանական շարունակությունն էլ եղավ այն, որ պատմության մեջ առաջին անգամ մեր ազգային ընտրանին կարողացավ հաղթահարել որակավորման առաջին փուլը և դուրս գալ էլիտ ռաունդ։

-2017 թվականի տարեսկզբին տեղափոխվեցիր Լիբանան՝ հանդես գալով «Հոմենեթմեն» ակումբում, սակայն կարճ ժամանակ անց վերադարձար Հայաստան։ Ի՞նչ կասես այդ ժամանակահատվածի մասին։

-Չեմպիոնների Լիգայի շրջանակում անցկացրած խաղերս նայելուց հետո այդ թիմից հրավիրեցին՝ հանդես գալու իրենց ակումբում։ Քանի որ թիմը հայկական ծագում ունի, հիմնականում հայ ֆուտբոլիստներ էին խաղում։ Այնտեղ անցկացրի վեց ամիս, որից հետո վերադարձա Հայաստան և ելույթներս շարունակեցի «Լեոյի» կազմում։

-«Լեոյի» կազմում անցկացրածդ ժամանակահատվածը նույնպես շատ հաջող ստացվեց, ինչի վառ ապացույցն է չորս անընդմեջ չեմպիոնությունը։

-Բացի նվաճած չորս չեմպիոնությունը կարողացանք երկու անգամ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի էլիտ ռաունդ։ Դրանք լավագույն տարիներն էին իմ կարիերայում։

-Ի՞նչ տարբերություններ կմատնանշես ֆուտբոլի և ֆուտզալի մեջ։

-Գլխավոր տարբերությունն այն է, որ ֆուտզալը շատ ավելի դինամիկ խաղ է։ Այնտեղ պետք է շատ ավելի արագ մտածել՝ որոշում կայացնելուց առաջ։ Ցանկացած տակտիկական սխալ կարող է հանգեցնել բաց թողած գոլի։ Ֆուտբոլի գլխավոր բարդությունը կայանում է նրանում, որ պետք է դաշտը շատ լավ կարողանաս տեսնել։ Ինձ համար շատ ավելի հոգեհարազատ էր ֆուտզալ խաղալ, քան ֆուտբոլ։

-Ըստ քեզ, ինչպե՞ս է Հայաստանում զարգանում ֆուտզալը։

-Իմ կարծիքով հիմնական խոչնդոտը ֆինանսական սուղ հնարավորությունների մեջ է կայանում։Բայց պետք է նշեմ, որ ընդհանուր զարգացման տեմպերն այդքան էլ վատը չեն։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն էլ իր հերթին լուրջ քայլեր է ձեռնարկում ֆուտզալը նոր մակարդակի հանելու համար։

-Իսկ ի՞նչն էր պատճառը՝ կարիերադ ավարտելու և ԱՄՆ տեղափոխվելու։

-Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո «Լեոյում» ֆինանսական խնդիրներ առաջացան։ Դրան զուգահեռ նաև կային որոշակի անձնական դրդապատճառներ՝ կապված ԱՄՆ տեղափոխվելուս հետ։Որոշումը բավականին դժվար տրվեց, բայց ակումբի նախագահի և հավաքականի մարզչի հետ զրուցելուց հետո դադարեցրեցի կարիերաս և տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ։

-ԱՄՆ-ում առաջին քայլերդ ես անում մարզչական ասպարեզում։ Ինչպե՞ս են դասավորվում գործերդ որպես մարզիչ։

-Այժմ աշխատում եմ «Արմերգ» մանկապատանեկան թիմում։ Ճիշտ է՝ փաստաթղթերի խնդիրների պատճառով առայժմ աշխատանքս չի կրում պաշտոնական բնույթ, սակայն ամենօրյա ռեժիմով աշխատում եմ։

-Եթե համեմատական տանենք մանկապատանեկան ֆուտբոլի մակարդակը Հայաստանում և ԱՄՆ-ում, մե՞ծ է տարբերությունը։

-Վստահաբար կարող եմ ասել, որ այդ առումով Հայաստանը ոչնչով չի զիչում ԱՄՆ-ին։ Հայաստանում հիմնական խնդիրը, ըստ իս, մանկապատանեկան ֆուտբոլից հետո է առաջ գալիս։ Թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում կան շատ լավ մարզիչներ, որոնք լավ աշխատանք են կատարում երեխաների հետ։ Բայց Հայաստանում այդ փուլից հետո առաջ են գալիս այլ խնդիրներ։ Բավականին շատ պատանիներ կան, որոնք Հայաստանից տեղափոխվում են ԱՄՆ և այստեղ ոչնչով չեն զիջում տեղի իրենց հասակակիցներին։

-Ի՞նչ պլաններ ունես ապագայի հետ կապված։ Արդյո՞ք որոշել ես մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում։

-Այս պահի դրությամբ կմնամ և կփորձեմ այստեղ շարունակել մարզչական գործունեությունս, բայց յուրաքանչյուրիս տունը մեր հայրենիքն է, և ես էլ կանեմ ամեն հնարավոր բան՝ Հայաստանի համար օգտակար գործունեություն ծավալելու համար։

Սուրեն Մելիքսեթյան