Հայտնի է՝ որքան պարգևավճար են ստացել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստուհիները ԵԱ-ն հաղթելու համար

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստուհիները ստացել են 65,500 եվրո (55,000 ֆունտ ստերլինգ) յուրաքանչյուրը ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրոպայի 2022 թվականի առաջնությունում հաղթելու համար, հայտնում է Daily Star-ը:

Նշվում է, որ ֆուտբոլային չափանիշներով սա շատ համեստ պարգևավճար է։ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկ օրում ստանում է մոտավորապես նույնքան գումար․ շաբաթվա կտրվածքով պորտուգալացու եկամուտը կազմում է 458 հազար եվրո։

Նաև որպես օրինակ է բերվում Անգլիայի տղամարդկանց ֆուտբոլի հավաքականի հոնորարը, որը դարձել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության արծաթե մեդալակիր։ Եզրափակիչ դուրս գալու և երկրորդ տեղը զբաղեցնելու համար բրիտանացիները ստացել են 300 հազարական եվրո։

Կանանց Եվրո-2022-ի եզրափակիչում Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Գերմանիային: Հանդիպումն անցկացվել է «Ուեմբլի» մարզադաշտում։ Պատմության մեջ առաջին անգամ անգլիացիները հաղթեցին Եվրոպայի կանանց ֆուտբոլի առաջնությունում։