Նրանց նկատմամբ մեր հարգանքը սահմաններ չունի․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Անգլիայի Սուպերգավաթի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի սպասելիքներով, որը կկայանա վաղը «Ուեմբլի» մարզադաշտում։

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

«Մանչեսթեր Սիթիի նկատմամբ մեր հարգանքը սահմաններ չունի։ Նրանք Սուպերգավաթի խաղում հանդես կգան որպես Պրեմիեր լիգայի չեմպիոն: Կարծում եմ, որ մենք կարող ենք հպարտանալ, թե ինչպես ենք նրանց դրդել առաջ գնալ, բայց հիմա մենք պետք է նորից մտնենք մրցավազքի մեջ»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մանչեսթեր Սիթին» նախորդ մրցաշրջանում պաշտպանեց Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը՝ մեկ միավորով գերազանցելով «Լիվերպուլին»: Մերսիսայդցիներն իրենց հերթին նվաճեցին Անգլիայի գավաթը և լիգայի գավաթը, երկու դեպքում էլ՝ եզրափակչում հաղթելով «Չելսիին»։