Հայտնի է՝ ով է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստը

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Այս մրցանակի համար պայքարում 30-ամյա սենեգալցին շրջանցեց նախկին թիմակից Մոհամեդ Սալահին և «Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդիին։

Մանեի համար, ով 2021 թվականին Սենեգալի հետ հաղթել է Աֆրիկայի ազգերի գավաթը, սա Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի երկրորդ մրցանակն է։ Սադիոն լավագույնն է ճանաչվել նաև 2019 թվականին։

«Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը» տրվում է 1992 թվականից ի վեր Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կողմից։ Նախկինում մրցանակը շնորհվում էր ֆրանսիական France Football ամսագրի կողմից 1970-1994 թվականներին և կոչվում էր «Ոսկե գնդակ»՝ Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ»։ Բոլորից հաճախ այս մրցանակին արժանացել են կամերունցի Սամուել Էտո’Օ-ն և իվուարցի Յայա Տուրեն՝ 4-ական անգամ։ Առավել հաճախ այս մրցանակին արժանացել են Կամերունի ներկայացուցիչները՝ 12 անգամ։

Այս մրցանակի վերջին դափնեկիրը Մանեն էր։ Նա հաղթել էր 2019 թվականին։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցանակը չի շնորհվել 2020 և 2021 թվականներին։