«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն հիացմունքով է խոսել Կևին դե Բրույնեի մասին:
«Քևինը դարձավ մեր ակումբի առաջատարը: Նա հիանալի խաղացող է, բայց նաև առաջատար է հանդերձարանում։ Խաղացողների մեծ մասը գործակալներ ունի [նոր պայմանագրի շուրջ բանակցելու համար], իսկ դե Բրույնեն՝ ոչ: Նա միայն փաստաբանի մոտ է գնացել։
Դե Բրույնեն լուռ առաջատար է։ Բայց անհրաժեշտության դեպքում նա միշտ այնտեղ է, որտեղ հարկավոր է:
Շատերը չեն հիշում, բայց մենք նրա համար մեծ գումար ենք վճարել։ Կարծում եմ՝ դա եղել է 62 միլիոն ֆունտ ստեռլինգ գումար։ Դրանից հետո անգլիական թերթերից մեկը, հիշում եմ, դուրս եկավ շապիկով, որտեղ կար նրա լուսանկարն ու ստորագրությունը՝ «62 միլիոն ֆունտ ստեռլինգի ձախողում»։
Ասում էին, որ Չիկին [Բեգիրիստայնը, «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրենը] սխալվել է այս խաղացողի հետ պայմանագիր կնքելիս, բայց նա միանգամայն իրավացի էր։ Այժմ Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» լեգենդն է։ Առջևում նրան դեռ շատ տարիներ են սպասվում և նա կլինի մեր ակումբի պատմության առանցքային խաղացողներից մեկը»,- ասել է Սորիանոն Dr. Football Podcast-ին:
Բելգիացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից: Այս ընթացքում նա ակումբի հետ նվաճել է 12 գավաթ և 2020/21 մրցաշրջանում հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։