Հայտնի է` երբ կմեկնարկեն թոփ 5 լիգաների նոր մրցաշրջանները

Եվրոպական գլխավոր առաջնություններում ակումբային մրցաշրջանը վաղուց ավարտված է։ Այնուամենայնիվ, նորի սկիզբը սարերի հետևում չէ։

Առաջիկա ֆուտբոլային մրցաշրջանը չափազանց հագեցած է լինելու: Նոյեմբերին մեկնարկող Աշխարհի առաջնության պատճառով հիմնական առաջնությունները կսկսվեն սովորականից շուտ և կավարտվեն ավելի ուշ։


Անգլիայի Պրեմիեր լիգան կմեկնարկի օգոստոսի 6-ին։ Ճիշտ է, գալիք մրցաշրջանը կավարտվի արդեն 2023 թվականի մայիսի 28-ին։ Ամենահետաքրքիրը տեղի կունենա ձմռանը: Աշխարհի առաջնությունից առաջ վերջին հանդիպումները կկայանան նոյեմբերի 12-13-ին։ Դրանից հետո ֆուտբոլիստները կմեկնեն հավաքականներ։ Աշխարհի առաջնության եզրափակիչը նախատեսված է դեկտեմբերի 18-ին, իսկ Պրեմիեր լիգայի առաջին տուրը վերսկսումից հետո՝ դեկտեմբերի 26-ին։ Անգլիայում դրանից անմիջապես հետո սկսվում է Boxing day-ը: Ընդհանուր առմամբ, եթե Անգլիայի հավաքականը հասնի Քաթարում կայանալիք Մունդիալի վճռորոշ հանդիպմանը, ապա ֆուտբոլիստների համար շատ դժվար է լինելու:

Իսպանական Լա Լիգան մեկնարկում է Պրեմիեր լիգայից մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 12-ին: Տեղական առաջնությունը կավարտվի Անգլիայի առաջնությունից հետո` հունիսի 4-ին։ Լա Լիգայի մրցաշրջանը կվերսկսվի դեկտեմբերի 29-ին։ Աշխարհի առաջնությունից առաջ վերջին տուրը նույնպես նախատեսված է նոյեմբերի 12-13-ին։

Իտալացիները կսկսեն իսպանացիների հետ միասին, սակայն իրենց խաղացողներին մի փոքր ավելի շատ ժամանակ կտան ձմռանը վերականգնվելու համար։ Ա Սերիայում մրցաշրջանն ընդմիջում կվերցնի նոյեմբերի 12-13-ից հետո և կվերսկսվի հունվարի սկզբին: Լա Լիգայի նման հունիսի 4-ին կավարտվի նաև Իտալիայի առաջնությունը։

Բունդեսլիգան մեկնարկում է օգոստոսի 5-ին Անգլիայի հետ: Նոյեմբերի 13-ին ընդմիջման կմեկնեն նաև գերմանացիները։ Աշխարհի առաջնությունից հետո հենց Գերմանիայում խաղացողներին թույլ կտան ամենաերկարը հանգստանալ։ Բունդեսլիգայում մրցաշրջանը կվերսկսվի հունվարի 20-ին։ Միաժամանակ նրանք նախատեսում են բրիտանացիների հետ միասին մայիսի 27-ին ավարտել ներքին առաջնությունը:

Ֆրանսիայի Լիգա 1-ը որոշել է միքս կատարել: Նրանք անգլիացիների հետ միասին կսկսեն օգոստոսի 6-7-ը և կխաղան մինչև նոյեմբերի 13-ը։ Լիգա 1-ի վերսկսումը Աշխարհի առաջնությունից հետո՝ դեկտեմբերի 28-ին է։ Նրանք ծրագրում են առաջնությունն ավարտել հունիսի 4-ին` իսպանացիների ու իտալացիների հետ միասին։