Դա լավագույն և ամենաէմոցիոնալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր, որը ես երբևէ տեսել եմ, Բենիտես

Իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կիսվել է 2004/05 թվականների Չեմպիոնների լիգայի եզրափակչի իր հիշողություններով։

«Լիվերպուլը» իսպանացի մասնագետի գլխավորությամբ դարձավ մրցաշարի հաղթող՝ եզրափակչում 11 մետրանոցներով հաղթելով «Միլանին» (3:3` 3:2): Առաջին խաղակեսից հետո մերսիսայդցիները պարտվում էին 0։3 հաշվով։

«Ես տարիներ եմ անցկացրել «Ռեալի» համակարգում՝ որպես խաղացող և մարզիչ։ Այնտեղ ընտելանում ես հաղթանակներին։ Սա հաղթողի իրական հոգեբանությունն է, որը մշակվել է տարիների ընթացքում։ Եզրափակիչները միշտ մարտահրավեր են և մոտիվացիա: Պետք է վստահություն դրսևորել ամեն ինչում, որպեսզի խաղացողները կարողանան ցույց տալ իրենց լավագույն կողմերը։

Բարեբախտաբար, 2005 թվականի Ստամբուլում կայացած եզրափակիչի ժամանակ ես արդեն ունեի «Վալենսիայի» հետ հաղթանակների փորձը։ Այս գործոնը մեծ դեր խաղաց։

Ստամբուլում կայացած եզրափակիչն անմոռանալի էր: «Լիվերպուլը» երկար ընդմիջումից հետո իրավունք էր ստացել նշանակալից գավաթի համար պայքարելու։ Դա, հավանաբար, լավագույն և ամենաէմոցիոնալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր, որը ես երբևէ տեսել եմ»,- ասել է Բենիտեսն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին: