Տեն Հագ. Նա Յունայթեդին կարող է գոլեր պարգևել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի ապագան ակումբում, հայտնում է Manchester Evening News-ը:

Այն հարցին, թե արդյոք 37-ամյա հարձակվողն իր ծրագրերի մեջ է, «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը պատասխանել է. «Միանշանակ»:

«Կրիշտիանուն կարող է մեզ գոլեր պարգևել: Բայց ես ամեն ինչ կքննարկեմ նրա հետ, նախքան ձեզ հետ քննարկելը»,- ասել է հոլանդացին:

37-ամյա Ռոնալդուն անգլիական ակումբ է վերադարձել 2021 թվականի ամռանը։ Մրցաշրջանի 39 հանդիպումներում պորտուգալացի ֆուտբոլիստը դարձել է 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ռոնալդուի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։