Ռեալի առաջատարներից մեկը դեռևս չի շտապում պատասխանել պայմանագրի երկարաձգման առաջարկին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը դեռ չի որոշել՝ կերկարաձգի՞ պայմանագիրը «Ռեալի» հետ, թե ոչ։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան ակումբի ղեկավարությունը կիսապաշտպանին առաջարկել է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Տոնին պատասխանել է, որ դեռ վաղ է հետագա համագործակցությունը քննարկելու համար։

Կիսապաշտպանը ցանկանում է տեսնել, թե ինչպիսի ֆիզիկական և հոգեկան վիճակում կլինի հաջորդ մրցաշրջանում, և միայն դրանից հետո որոշի՝ մնալ «Ռեալում», թե ոչ։ Կրոսը չէր ցանկանա երկարաձգել պայմանագիրը և բեռ դառնալ «Ռեալի» վրա:

Գերմանացին երջանիկ է Մադրիդում և նա հաճույք է ստանում ակումբում խաղալուց ու Իսպանիայի մայրաքաղաքում կյանքից:

32-ամյա կիսապաշտպանը մի քանի անգամ ասել է, որ չի ցանկանում երկար շարունակել պրոֆեսիոնալ կարիերան։