«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կոչ է արել մարդկանց գնալ իրենց երազանքների ետևից։
«Իմ կյանքի նպատակներից մեկը մարդկանց համոզելն է, որ կարող են հասնել նրան, ինչի մասին երազում են: Շվեյցարիա մեկնելուց ի վեր ես դրան եմ ձգտել:
Կյանքը հեշտ չէր, քանի որ ես անգլերեն չէի խոսում: Ինքս ինձ հարցրի՝ արժե՞ վերադառնալ Եգիպտոս, ինչպես բոլոր նրանք, ովքեր գնացին ու ոչնչի չհասան, թե՞ ավելի լավ է մնալ ու հաջողության հասնել։
Փորձեցի այլ կերպ վարվել, քան մնացածը: Ուսումնասիրեցի այն ամենն, ինչ անում էին իրենց երկիրը լքած եգիպտոսցիները։ Սկսեցի կենտրոնանալ այնպիսի բաների վրա, ինչպիսին է անհատականության զարգացումը, որպեսզի տեսնեմ՝ միայն տաղանդը բավական է հաջողակ լինելու համար, թե՞ պետք է աշխատել իմ հոգեբանության վրա:
Եթե 6-7 տարի առաջ ես Եգիպտոսում ինչ-որ մեկին հարցնեի, թե մենք ունե՞նք խաղացող, ով կարող է մրցել աշխարհի լավագույն խաղացողների հետ, նրանք կպատասխանեին` «Ոչ»: Բայց հիմա ամեն ինչ այլ է։
Սա էր իմ կյանքի գլխավոր նպատակը։ Եվ եթե ես այսօր մեռնեմ, կիմանամ, որ հասել եմ այն ամենին, ինչին ձգտում էի»,- ասել է Սալահը DMC-ին տված հարցազրույցում: