Բլատեր. Հիմա նա այն մարդը չէ, որը նախկինում էր

ՖԻՖԱ-ի նախկին ղեկավար Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ փոխել է իր կարծիքը Վլադիմիր Պուտինի մասին։

85-ամյա շվեյցարացին պատմել է, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանին շնորհվեց 2018 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը, նա Պուտինի հետ «բարեկամական և ջերմ հարաբերություններ» է զարգացրել։

«Եթե նայեք ներկա իրավիճակին, ինչպես նաև Պուտինին, ով խոսում է հեռուստատեսությամբ, ապա հիմա սա այն մարդը չէ, ինչ նախկինում:

Ինչ վերաբերում է ռուսական թիմերին մրցումներից դուրս մնալուն, ապա սպորտը իրավացիորեն՝ նախնական որոշ կասկածներից հետո, հետևողականորեն արձագանքեց և Ռուսաստանին կարմիր քարտ ցույց տվեց։ Ուրախ եմ նաև, որ Շվեյցարիան հստակ ազդանշան է տվել։

Ցանկանում եմ իմ համերաշխությունն ու համակրանքը հայտնել ուկրաինացի ժողովրդին և նրա քաջարի մարտիկներին», Բլատերի խոսքերն է հայտնում Blick-ը։