Ագուերո. Պարզապես զգում եմ, որ սիրտս ճիշտ չի աշխատում

«Մանչեսթեր Սիթիի», «Բարսելոնայի», «Ատլետիկոյի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է սրտի հետ կապված խնդիրների մասին։

«Հիմա, երբ փորձում եմ ֆուտբոլ խաղալ, շունչս կտրվում է: Երբեմն մտածում եմ՝ արդյոք երբևէ նորից կկարողանամ ամբողջ ուժով վազել: Ես պարզապես զգում եմ, որ սիրտս ճիշտ չի աշխատում», Ագուերոյին իր Twitter-ում մեջբերել է լրագրող Միկել Բլասկեսը։

Հիշեցնենք, որ հարձակվողը փոխարինվել էր «Ալավեսի» հետ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսում՝ տախիկարդիայի պատճառով։ Արգենտինացին նախազգուշության նկատառումով հանեցին խաղադաշտից։ Խաղից հետո հաղորդվում էր, որ Ագուերոն իրեն լավ է զգում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սրտի հետ կապված խնդիրների պատճառով հարձակվողը շարքից դուրս է մնացել առնվազն երեք ամսով։ Դեկտեմբերի 15-ին 33-ամյա ֆուտբոլիստը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։