Ֆիորենտինան զանգահարել էր Ռեալին` Վլահովիչի համար

«Ֆիորենտինայի» նախկին հարձակվող Դուշան Վլահովիչը, որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց «Յուվենտուս», կարող էր հայտնվել Մադրիդի «Ռեալում»։

«Մանուշակների» նախագահ Ռոկո Կոմիսսոն սերբ ֆուտբոլիստին առաջարկել է իսպանական ակումբին։ Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով Cadena Ser-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ֆիորենտինան» «Յուվենտուսից» առաջարկ ստանալուն պես զանգահարել է «Ռեալին»՝ հասկանալով, որ իսպանական ակումբը կարող է ավելի շատ գումար առաջարկել։ Մադրիդի «Ռեալը» կարող էր իրեն թույլ տալ ձեռք բերել սերբ հարձակվողին, սակայն նրանք որոշել են այս ամառ կենտրոնանալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի անվճար տրանսֆերի վրա և աչքերը պահել Էրլինգ Հոլանդի ուղղությամբ:

2022 թվականի հունվարին 22-ամյա Վլահովիչը 70 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Յուվենտուս», ևս 10 միլիոն եվրո կվճարվի որպես բոնուս: