Մարսիալ. Բարսելոնան ցանկանում էր ինձ գնել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով միացավ «Սևիլիային», սակայն նա նշել է, որ կարիերան շարունակելու այլ տարբերակներ ուներ:

«Բարսելոնան» հունվարին խոսել է իմ գործակալների հետ: Նրանք ցանկանում էին ինձ գնել:

Այնուամենայնիվ, իմ առաջնահերթությունը Սևիլիան էր։ Այստեղ ես հնարավորություն ունեմ դառնալ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ՝ խաղալ կանոնավոր, ինչպես ուզում էի»,- Մարսիալի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Diario Sevilla-ին հղումով։

Հիշեցնենք, որ Անտոնի Մարսիալն արդեն հասցրել է իր նորամուտը նշել «Սևիլիայի» կազմում: Լա լիգայի «Օսասունայի» դեմ խաղում ֆրանսիացին խաղադաշտում անցկացրեց 77 րոպե, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չընկավ: