Էրիկսեն. Հիվանդանոցի ճանապարհին ասացի կնոջս, որ կարող եմ ավարտել կարիերաս

Քրիստիան Էրիկսենը, որը պայմանագիր է կնքել «Բրենտֆորդի» հետ, խոսել է կարիերան վերսկսելու իր որոշման մասին, հայտնում է The Guardian-ը:

2021 թվականի հունիսի 12-ին Էրիկսենը սրտի կաթված ստացավ Եվրո-2020-ի Դանիա-Ֆինլանդիա հանդիպման ժամանակ: Ավելի ուշ կիսապաշտպանին կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր են տեղադրել։

«Հիվանդանոց գնալու ճանապարհին ես ասացի Սաբրինային (կնոջս) , որ կարող եմ ավարտել կարիերաս: Սակայն երկու օր անց ամեն ինչ փոխվեց։

Ես տեղյակ էի, թե ինչ է կատարվել ինձ հետ այդ օրը և հաջորդ օրերին: Հետո սկսվեցին հարցումները, սկսեցին հարցեր առաջանալ. «Կկարողանա՞մ։ Կհաջողե՞մ:

Ժամանակի ընթացքում ես վերականգնվում էի այն առումով, որ եթե բուժզննումների արդյունքները նորմալ լինեին, ապա աստիճանաբար կարող էի վերադառնալ ֆուտբոլ։

Շատ թեստեր եղան, թե սիրտս ինչպես է արձագանքում ֆիզիկական վարժություններին, և, բարեբախտաբար, ոչինչ չերևաց, ամեն ինչ լավ ստացվեց։

Ամեն ամիս կարող էի մեծացնել ծանրաբեռնվածությունը, իսկ հետո սկսել խաղալ»,- ասել է Էրիկսենը։