Աստված ինձ ասաց, որ ավարտեմ խաղը. Նա փրկեց ինձ. Ջենի Սիկազվե

Աֆրիկայի գավաթի Թունիս – Մալի (0:1) հանդիպման գլխավոր մրցավար Ջենի Սիկազվեն բացատրել է, թե ինչու է ժամանակից շուտ ավարտել հանդիպումը, հայտնում է BBC -ին:

«Շատ շոգ էր, խոնավությունը մոտ 85% էր։ Երբ տաքացա, դժվարացավ։ Ինչքան էլ ջուր խմեցի, ինձ միշտ թվում էր, որ ավելին եմ ուզում։ Բայց մենք՝ դատավորներս, մեզ համարում ենք զինվորներ:

Երկրորդ խաղակեսում ես սկսեցի կորցնել իմ կողմնորոշումը։ Ես ոչ մեկին չլսեցի։ Որոշ ժամանակ անց ես սկսեցի հասկանալ` մարդիկ փորձում էին ինձ բացատրել, որ ես ավարտել եմ խաղը: Շատ տարօրինակ իրավիճակ:

Ես տեսել եմ մարդկանց, ովքեր իրենց պարտքը կատարել են և դագաղներով վերադարձել են իրենց երկրներ։ Ես շատ մոտ էի դրան։ Բախտս բերել է, որ կոմայի մեջ չեմ ընկել։ Բժիշկներն ինձ ասացին, որ մարմինս չէր սառչում։ Մի քիչ էլ, և կոմա կլիներ, ու դա կլիներ վերջը։

Կարծում եմ՝ Աստված ինձ ասաց, որ ավարտեմ խաղը։ Նա փրկեց ինձ»,- ասել է մրցավարը:

Մրցավարի որոշմամբ 89-րդ րոպեին ավարտվեց Թունիս – Մալի հանդիպումը։ Նա սկզբնապես հնչեցրել էր եզրափակիչ սուլիչը 85-րդ րոպեին: