Մադրիդ, թե Փարիզ. ֆրանսիացիները ցանկանում են Մանչեսթեր-Մադրիդ չվերթը խափանել

Մանչեսթեր «Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամենայն հավանականությամբ ամռանը կլքի Անգլիան:

Ֆուտբոլիստն արդեն ասել է ղեկավարությանը, որ ցանկանում է կարիերան այլ ակումբում շարունակել և նույնիսկ նշել է Արքայական ակումբի անունը: Իրենց հերթին մադրիդցիները դեմ չեն Պոգբային տեսնել սպիտակ ճամբարում, սակայն նրանց գլխավոր թիրախը մնալու է աշխարհի մյուս չեմպիոնը՝ Կիլիան Մբապեն: Եթե լինի ընտրության կարիք այս երկու ֆուտբոլիստներ միջև Ֆլորենտիո Պերեսը և Կարլո Անչելոտին միանշանակ կանգ կառնեն Մբապեի վրա:

Այս իրավիճակից փորձում է օգտվել ՊՍԺ-ն: Ֆրանսիայի մայրաքաղաքը ներկայացնող ակումբը վստահ չէ, որ ինչ-որ կերպ կկարողանա Մբապեին պահել իր թիմում, այդ իսկ պատճառով ցանկանում է Պոգբայի միջոցով կոմպենսացնել Կիլիանի կորուստը, հայտնում է L’Équipe-ը:

Իհարկե նրանք նույն դիրքի խաղացողներ չեն, բայց ամեն դեպքում կոմերցիոն և խաղային տեսանկյունից Պոգբան կարող է փոխհատուցել Մբապեի բացակայությունը: ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն արդեն մի քանի անգամ հանդիպել է ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլայի հետ: Եթե ակումբը չկարողանա Մբապեին պահել, ապա ամեն բան կանի Պոգբային Փարիզ տեղափոխելու համար:

Պայմանագրի տեսանկյունից ՊՍԺ-ն վստահաբար կարող է ավելի լավ ֆինանսական պայմաններ առաջարկել Պոլին, իսկ մադրիդցիները հնարավոր է չկարողանան երկուսի պահանջներն էլ բավարարել, և պետք չէ մոռանալ, որ Պերեսն իր մտքում պահում է Էրլինգ Հոլանդին:

«Ռեալի» գլխավոր զենքը Պոգբայի պարագայում դա ֆուտբոլիստի ցանկությունն է՝ «սերուցքայինների» կազմում խաղալու, սակայն վերջինս նման ցանկություն հայտնելու ժամանակ դեռևս չէր դիտարկել, որ ՊՍԺ-ն կարող է դեր ստանձնել այս իրավիճակում:

Ըստ Marca-ի, եթե «Ռեալի» ղեկին լիներ Զինեդին Զիդանը, ապա Պոլի տեղափոխությունը գրեթե 100 տոկոսանոց կլիներ, բայց Անչելոտիի պարագան լրիվ այլ է: Իտալացին գոհ է իր կիսապաշտպանական գծից ու դեռևս մտադիր չէ նոր կիսապաշտպաններով համալրելու՝ բացառությամբ «Մոնակոյի» ֆուտբոլիստ Չուամենիի:

Ամեն դեպքում Պոգբայի հարցը ամենաքննարկվողներից է լինելու մոտակա 3-4 ամիսների ընթացքում, մինչև ամառային տրանսֆերային պատուհանի բացումը: Կարծում ենք, որ ակումբն ավելի շռայլ գտնվի, նա էլ կփախցնի խաղացողին: