Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Հեմիլթոնին նրա հեռանալու դեպքում

Ֆորմուլա 1-ի նախկին ավտոարշավորդ, այժմ Sky Germany-ի փորձագետ Ռալֆ Շումախերը կարծիք է հայտնել, որ իր հայրենակից, «Աստոն Մարտինի» մրցարշավորդ Սեբաստիան Ֆետելը կարող է տեղափոխվել «Մերսեդես», եթե Արքայական մրցավազքի յոթակի չեմպիոն բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը հեռանա գերմանական թիմից։ Հեմիլթոնը դեռ չի որոշել՝ կշարունակի՞ ելույթ ունենալ Ֆորմուլա 1-ում, թե ոչ։

«Նա հարուստ փորձ ունի, բացի այդ, ցույց է տալիս գերազանց արագություն, և, առաջին հերթին, գիտի «Մերսեդես» մեքենան։ Կարծում եմ, որ երկու թիմերի կոնցեպտները նման են։ Բացի այդ, «Աստոն Մարտինի» կադրերի փոփոխությունը Սեբաստիանի համար կարող է իդեալական չլինել։ Ինձ թվում է, որ Օտմար Շաֆնաուերն ու Սեբաստիանը լավ են շփվել միմյանց հետ»,- Շումախերին մեջբերում է GrandPX.news-ը՝ հղում անելով Sky Germany-ին:

Սեբաստիան Ֆետելը աշխարհի քառակի չեմպիոն է: Գերմանացին «Ռեդ Բուլի» հետ 2010-2013 թվականներին 4 տարի անընդմեջ հռչակվել է չեմպիոն: