Էմերի. Նա խաբում է մարդկանց, իսկ հետո սոցցանցում բողոքում մեկ այլ խաղից

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին քննադատել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին:

Նոյեմբերին Լա Լիգայի 15-րդ տուրի՝ «Վիլյառեալ»-«Բարսելոնա» խաղում (1:3) Պիկեն ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում, սակայն մրցավարը չէր նշանակել 11 մետրանոց հարված։ Այնուհետև պաշտպանը հայտարարել էր. «Չեմ կարծում, որ սա 11 մետրանոց է: Ձեռքը հպված էր մարմնին»։

Շաբաթ օրը «Վալենսիայի» twitter-ն արձագանքել էր Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, Անչելոտիի թիմի օգտին նշանակված 11 մետրանոց հարվածին. «Մադրիդում կողոպուտները սկսում են կրկնվել»: Իսկ Պիկեն հաղորդագրությանը պատասխանել էր. «Զգույշ, այլապես կպատժեն»։

Երեկ կայացած «Վիլյառեալ»- «Ատլետիկո Մադրիդ» խաղում մրցավարը չեղարկեց Դանի Պարեխոյի գոլը` տեսնելով ձեռքով խաղ: «Դեղին սուզանավի» մարզիչն այս 3 դեպքերը միացրել է իրար և կարծիք հայտնել.

«Այն, ինչ Պիկեն վերջերս արեց այս մարզադաշտում, դա հստակ ձեռքով խաղ էր և պետք է պատժվեր: Այդպես չեղավ և մենք պարտվեցինք։ Ինձ համար տհաճ էր, որ նա այն ժամանակ ասաց,թե 11 մետրանոց չկար։

Այսօրվա խաղում էլ ձեռքով խաղ չկար, քանի որ Պարեխոն ազդրով գնդակն ուղարկեց դարպասը։ Սա ձեռքով խաղ չէր: Իսկ Պիկեի մոտ այն առկա էր, որից հետո նա մտնում է թվիթեր, և դժգոհում է մեկ այլ հանդիպումից։

Պետք է լինել անկեղծ և չմոլորեցնել մարդկանց։ Սա արդար չէ VAR-ի և ֆուտբոլի նկատմամբ», իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն: