📸 Ինտերի ուլտրասը հատուկ հուշանվեր է հանձնել Մոուրինյոյին

«Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյին Միլանում դիմավորել է «Ինտերի» ուլտրասը և հատուկ հուշանվեր հանձնել, հայտնում է Football Italia-ն:

Պորտուգալացին 2009-10 մրցաշրջանում «ներաձուրիի» հետ նվաճել է թրեբլ՝հաղթելով Իտալիայի առաջնությունը, Չեմպիոնների լիգան և Իտալիայի գավաթը:

Նա հեռացավ Չեմպիոնների լիգայի եզրափակչից անմիջապես հետո՝ գլխավորելու Մադրիդի «Ռեալը»:

Այնուամենայնիվ, «յուրահատուկը» մնացել է «Ինտերի» երկրպագուների սրտերում, և թիմի ուլտրասը, որը ներկայացնում է Curva Nord-ը, ողջունել է Մոուրինյոյին այսօր, երբ նա «Ռոմայի» հետ ժամանել է Ա Սերիայի շրջանակում «Միլանի» հետ խաղին:

Նրան հատուկ հուշատախտակ են նվիրել, որի վրա գրված է եղել.

«Պարոն Ժոզե Մոուրինյոյին: Ձեր մասնագիտական կարիերան ձեզ կտանի ամենուր, բայց դուք կաք և կմնաք մեզանից մեկը»:

Նա «Ռոմայի» ավտոբուսի մոտ ուրախ լուսանկարվել է «Ինտերի» երկրպագուների հետ և հուշատախտակն իր հետ տարել թիմի հյուրանոց: