Իսպանիայի գավաթ. Այսօր պայքարի մեջ կմտնեն Ռեալը և Բարսելոնան

Ընթացքի մեջ է Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչը:

Այսօր իրենց ճանապարհը կսկսեն Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան»:

Կատալոնական ակումբը հյուրընկալվելիս կմրցի «Լինարեսի» հետ: Սա 2 թիմերի միջև պատմության առաջին հանդիպումն է: «Լինարեսը» Իսպանիայի ուժեղությամբ 3-րդ լիգայում է հանդես գալիս: Թիմը անցկացրել է 17 հանդիպում և 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 22:30-ին:

«Ռեալը» նույնպես իր հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ: Անչելոտիի թիմին կփորձի դիմագրավել «Ալկոյանոն»: Այս թիմն արդեն, իսկ փորձ ունի «Ռեալին» հաղթելու: Նախորդ խաղարկության հենց այս փուլում, «Ալկոյանոն» 2:1 հաշվով առավելության հասավ մադրիդցիների նկատմամբ, հաղթական գնդակը խփելով՝ ավելացված ժամանակի 115-րդ րոպեին: Բացի այդ խաղից թիմերը միմյանց դեմ հանդիպել են ևս 2 անգամ: Երկու խաղերում էլ առավելությունը եղել է Արքայական ակումբի կողմը՝ 3:0 և 4:1 հաշիվներով: «Ալկոյանոն» ևս հանդես է գալիս Իսպանիայի 3-րդ դիվիզոնում: Թիմը 17 խաղից հետո ունի 24 միավոր և մրցաշարային աղյուսակում 11-րդն է: Խաղի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 00:30-ին: