Անրի. Նա ինձ համար եղել է ոգեշնչման աղբյուր

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կիսվել է բասկետբոլի լեգենդ Ալեն Այվերսոնի մասին իր մտքերով։

«Ալեն Այվերսոնը չնվաճեց տիտղոս, ինչպես բոլորս գիտենք: Բայց երբեմն խոսքը ոչ թե այն մասին է, թե ինչ եք հաղթել, այլ այն, թե ինչ եք թողել: Ալեն Այվերսոնն ինձ համար այն տղան էր, որը բոլորին ասում էր. «Դուք կարող եք դա անել անկախ ամեն ինչից»:

Նա խաղում էր ամբողջ սրտով, անկախ ամեն ինչից: Նա իր դիմացի մրցակցին միշտ հասկացնում էր, որ ինքը լավագույնն է և ուժեղ է։ Դա դեռևս սարսուռ է առաջացնում, քանի որ այդ տղան շատ բան է արել: Ես իրոք ոգեշնչվել եմ նրանից և նրա խաղը դիտելիս»,- մեջբերում է Անրիի խոսքերը The Sports Rush-ը։

1997 թվականին Այվերսոնը ճանաչվել է NBA-ի տարվա նորեկ, իսկ 2001 թվականին՝ NBA-ի ամենաարժեքավոր խաղացող։ Ալենը 11 անգամ NBA-ի բոլոր աստղերի մասնակից է (2000-2010): 2001 և 2005 թվականներին նա ճանաչվել է բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացող։