Ալվարո Մորատայի Բարսելոնա տեղափոխությունը գրեթե կայացած է

«Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, ով վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում», մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։

Ինչպես գրում է As-ը, գործարքը 95%-ով համաձայնեցված է: Մնում է պարզել չնչին մանրամասները։ «Յուվենտուսի» հետ կատալոնական ակումբն արդեն լիովին պայմանավորվել է վեց ամսով խաղացողի վարձակալության շուրջ, ինչպես նաև «Ատլետիկոյի» հետ։

Այժմ Մորատան սպասում է, որ իր գործակալ Խուանմա Լոպեսը հաստատի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դրանից հետո Ալվարոն կմեկնի Բարսելոնա, կանցնի բուժզննում և նվազագույնը վեց ամսով պայմանագիր կկնքի «Բարսայի» հետ։

Այնուամենայնիվ, կատալոնական ակումբը դեռ պետք է թեթևացնի աշխատավարձերի ցուցակը, որպեսզի կարողանա գրանցել Մորատային: Նրանից բացի, ակումբը պետք է գրանցի Դանի Ալվեսին և Ֆերան Տորեսին, ինչպես նաև Գավիին և Նիկո Գոնսալեսին, որոնք դեռևս ընդգրկված են երիտասարդների ցուցակում։

Ստեղծված իրավիճակը ստիպում է «Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանիին ավելի արագ գործել Սամուել Ումտիտիի և Ֆիլիպե Կոուտինյոյի վաճառքի շուրջ բանակցություններում։

Այս մրցաշրջանում Մորատան «Յուվենտուսի» կազմում 23 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։