Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել իր նախկին ակումբում

«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական Լիգա 1-ում։ 32-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Սենտ Էտյենը», հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները գաբոնցուն տեսնում են որպես առաջատար, ով կօգնի «Սենտ Էթյենին» մնալ բարձրագույն դիվիզիոնում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը զրկվել էր «Արսենալի» ավագի կարգավիճակից։ Ակումբը որոշել է գաբոնցուն զրկել ավագի թևկապից կարգապահական խախտումների համար։ Արդյունքում հարձակվողը կարող է հունվարին հեռանալ «Արսենալից»:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Օբամեյանգը մասնակցել է 14 հանդիպման, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Գաբոնցի հարձակվողը «Սենտ Էտյենում» հանդես է եկել 2011-ից 2013 թվականներին: