Ինֆանտինո. Աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելը կբերի 4.4 մլրդ դոլարի եկամուտ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն պատմել է, թե ինչպես Աշխարհի գավաթի 2 տարին մեկ անցկացումը կնպաստի եկամուտների ավելացմանը:

Կազմակերպության տվյալներով՝ երկու անկախ հետազոտություններ, ՖԻՖԱ-ի 211 անդամների համար կանխատեսում են տնտեսական իրավիճակի բարելավում, եթե կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնություններն անցկացվեն երկու տարին մեկ անգամ։ ՖԻՖԱ-ի գագաթնաժողովում ներկայացվել են Nielsen-ի և OpenEconomics-ից ստացված արդյունքները։

«Աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելը առաջին չորս տարվա ընթացքում կավելացնի 4,4 միլիարդ դոլար եկամուտ, ասում են անկախ փորձագետները: Այդ միջոցները կբաշխվեն ՖԻՖԱ-ի 211 անդամ ասոցիացիաների միջև։

Լրացուցիչ եկամուտը պոտենցիալ կբարձրացնի ՖԻՖԱ-ի յուրաքանչյուր անդամի ֆինանսավորումը 6 միլիոն դոլարից մինչև 25 միլիոն դոլար առաջին չորս տարվա ընթացքում:

Մեր նպատակն է օգնել , որպեսզի նվազեցնենք ՖԻՖԱ-ի անդամների միջև եղած անջրպետը և հնարավորինս շատ ասոցիացիաների տանք համաշխարհային ասպարեզում խաղալու ավելի իրատեսական հնարավորություն», Ինֆանտինոյի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: