ՉԼ-ի ամենաարդյունավետ և ամենաշատ գոլ բաց թողած թիմերը

2021-22 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլն արդեն անցյալում է:

Այս փուլը մեզ պարգևեց բազմաթիվ անակնկալներ, դիտարժան ու դրամատիկ հանդիպումներ և գեղեցիկ գոլեր:

Ներկայացնում ենք ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի ամենաշատ գոլեր խփած և բաց թողած թիմերին:

Ամենաշատ գոլ խփած թիմը Մյունխենի «Բավարիան» է: Գերմանական ակումբը 22 անգամ տխրեցրել է մրցակիցներին: Մյունխենցիներին հաջորդում է «Այաքսը»: Տեն Հագի սաները փայլուն խմբային փուլ անցկացրին` հաղթելով բոլոր 6 խաղերում: Այդ հանդիպումներում հոլանդացիները 20 գոլի հեղինակ են դարձել: Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթին»: «Քաղաքաբնակները» 18 անգամ են կարողացել գտնել մրցակցի դարպասի բանալին:

Բաց թողած գնդակների ամենավատ ցուցանիշն ունի «Բրույեգեն»: Բելգիական ակումբը 20 անգամ գնդակը հանել է սեփական դարպասից: Երկրորդը` «Բեշիկթաշն» է: Թուրքական ակումբը միակն է բոլոր 32 մասնակիցների մեջ, որը պարտվել է բոլոր խաղերում: Ընդհանուր այդ պարտությունների ժամանակ թիմը բաց է թողել 19 գնդակ: Վատագույն եռյակի վերջին ներկայացուցիչը «Մալմոն» է: Շվեդները 14 անգամ են հիասթափվել մրցակիցների հարվածներից հետո:

Հիշեցնենք, որ խմբային փուլի արդյունքներով փլեյ-օֆֆ դուրս են եկել` «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն, «Լիվերպուլը», «Աթլետիկոն», «Այաքսը», «Սպորտինգը», «Ռեալը», «Ինտերը», «Բավարիան», «Բենֆիկան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Վիլյառեալը», «Լիլը», «Զալցբուրգը», «Յուվենտուսը» և «Չելսին»: