Տորեսն ակումբին խնդրել է նվազեցնել իր տրանսֆերային արժեքը` հանուն Բարսելոնա տեղափոխության

«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» շարունակում են բանակցել Ֆերան Տորեսի տրանսֆերի շուրջ։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներին, անգլիական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար ցանկանում է 60 մլն եվրո։ «Բարսելոնան» պատրաստ է վճարել 45 մլն եվրո։

Ֆերանն ​​ու «Բարսան» արդեն համաձայնեցրել են 5-ամյա պայմանագրի պայմանները։ Տորեսը պատրաստ է խոսել «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ՝ համոզելու նրանց նվազեցնել իրենց պահանջները: Իսպանացուն ոգեշնչում է «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությունը, նա ցանկանում է խաղալ Կատալոնիայում։

Կիսապաշտպանն այս հարցով արդեն զրուցել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։ Մասնագետը ըմբռնումով է արձագանքել Ֆերանի ցանկությանը, սակայն ասել է, որ իրավիճակն ամբողջովին կախված է նրանից, թե արդյոք ակումբները կկարողանան համաձայնության գալ։

Ընթացիկ մրցաշրջանում Տորեսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 7 հանդիպում, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։