Ֆորմուլա 1. Չեմպիոնության հարցի պատասխանը կարող է տրվել Սաուդյան Արաբիայում

Այս հանգստյան օրերին Ֆորմուլա 1-ում կկայանա մրցաշրջանի սպասված և ինչու ոչ` կարևորագույն Գրան-Պրին: 20 մրցարշավորդներ իրենց ուժերը և արագությունները ցուց կտան Սաուդյան Արաբիայի ավտոճանապարհին:

Գրան-Պրի, որի ժամանակ կարող ենք պարզել 2021 թվականի լավագույն մրցարշավորդի անունը: Իրականում այս մրցավազքը Մաքս Ֆերստապեն – Լյուիս Հեմիլթոն «ֆիլմի նախավերջին սերիան է», սակայն, տեսականորեն, իրադարձությունների զարգացումից կախված, կարող է դառնալ նաև վերջինը:

Ջիդա` այսպես է կոչվում մրցուղին, որը վերափոխվելու արդյունքում, ըստ փորձագետների և մրցարշավորդների դարձել է մրցաշարի ամենաարագ ավտոճանապարհը: Այն ունի բավականին երկար ուղիղ հատված և արագընթաց ոլորաններ: Շաբաթ օրը կկայանա որակավորումը, իսկ կիրակին` կլինի գլխավոր մրցումային օրը:

Այս և հաջորդ Գրան-Պրին` Աբու-Դաբիում, կլինեն ամենասպասվածները վերջին մի քանի տարիներին: «Մեղավորները» 2-ն են` Մաքս Ֆերստապենը և Լյուիս Հեմիլթոնը: Նախավերջին 21-րդ փուլից առաջ այս երկուսին անձնական հաշվարկում բաժանում է 8 միավոր: Այս Գրան-Պրիին երկուսն էլ մոտենում են մեծ վճռականությամբ, սակայն տարբեր տրամադրություններով: Հեմիլթոնը վերջին 2 փուլերում տարել է հաղթանակ, և մեքենայի տեմպն այնպիսին է, որ առավելություն է տալիս Սաուդյան Արաբիայի Գրան-Պրիում:

Այս առիթով մի փոքր տխուր կլինի Մաքս Ֆերստապենը, քանի որ այդ 2 փուլերից առաջ ուներ 19 միավորի առավելություն, սակայն հիմա մնացել է ընդամենը 8-ը, և սա այն դեպքում, երբ փորձագետների կարծիքով մրցաշրջանի վերջին 2 ավտոճանապարհն ավելի համապատասխան է «Մերսեդեսին»: Սակայն այս պնդումը պետք չէ որպես հիմք ընդունել, քանի որ երկու թիմերն էլ՝ և «Ռեդ Բուլը», և «Մերսեդեսը» ցույց են տվել, որ կարող են հաղթել այնպիսի ճանապարհի պայմաններում, որն ի սկզբանե ավելի համապատասխան է եղել մրցակցին: Այդպես եղավ, երբ ԱՄՆ-ում հաղթեցին Մաքսն ու «Ռեդ Բուլը», իսկ Բրազիլիայում` Լյուիսն ու «Մերսեդեսը»:

Կարող է այնպես ստացվել, որ արդեն այս Գրան-Պրիից հետո Ֆերստապենը հռչակվի աշխարհի չեմպիոն: Դրա համար մրցարշավի արդյունքները պետք է լինեն այսպիսին: Կամ Ֆերստապենը հաղթում է մրցավազքը, իսկ Հեմիլթոնը զբաղեցնում է 6-ից ցածր հորիզոնական, կամ հոլանդացին նվազագույնը 2-րդն է և Հեմիլթոնը ինչ-ինչ պատճառներով մրցավազքը չի ավարտում, կամ ավարտում է 10-րդ հորիզոնականից ներքև:

Գրան-Պրիից առաջ 2 մրցարշավորդներն էլ մեկնաբանություններ են տվել:

Ֆերստապեն. «Ես չեմ փոխի իմ մոտեցումն աշխատանքի նկատմամբ այս փուլում և կշարունակեմ գործել այնպես, ինչպես մրցաշրջանի ընթացքում: Մենք ունենք նոր ավտոճանապարհ, ուստի նախ պետք է ուսումնասիրենք այն առաջին մարզման ժամանակ: Ես կենտրոնացած եմ աշխատանքիս վրա և կփորձեմ հնարավորինս մրցունակ հանդես գալ»։

Հեմիլթոն. «Ես հիանալի տրամադրություն ունեմ և ուրախ եմ: Թիմը շարունակում է աշխատել, իսկ ես հիանալի մարզավիճակում եմ։ Դժվար է ասել, թե ինչ է մեզ սպասվում այս շաբաթավերջին, բայց մենք բավականին լավ ենք պատրաստված: Այնուամենայնիվ, այն, ինչ մենք տեսանք ավտոճանապարհի վրա, մի փոքր տարբերվում է սիմուլյատորի նկարից: Շատ հարցեր ունենք, բայց պատասխանները կստանանք միայն ուրբաթ օրը»։

Նախորդ տարի այս ավտոճանապարհին լավագույնը Մաքս Ֆերստապենն էր: Հեմիլթոնը 3-րդն էր, սակայն մինչ այդ` նա արդեն նվաճել էր աշխարհի չեմպիոնի 7-րդ տիտղոսը:

Հետաքրքիր պայքար է նաև 3-րդ և 5-րդ տեղերի համար: 3-րդ տեղի համար պայքարելու են «Մերսեդեսից» Վալտերի Բոտասը և «Ռեդ Բուլից» Սերխիո Պերեսը: Բոտասն ունի 203 միավոր, Պերեսը` 190: Այստեղ մի փոքր բարդ կլինի մեքսիկացու համար` հաշվի առնելով մեքենաները: Սակայն նրանք ուշադրության կենտրոնում են լինելու այլ տեսանկյունից: Երկուսն էլ պետք է օգնեն իրենց թիմակիցներին չեմպիոնական տիտղոսին հասնելու համար: Արդեն մրցաշրջանի մեկնարկային մի քանի Գրան-Պրիներից հետո պարզ էր, որ ֆինն ու մեքսիկացին, բացի իրար միջև պայքար մղելուց, պետք է հնարավորինս խանգարեն մրցակից թիմի առաջին համարին, ինչը որոշ դեպքերում կարողացել են կատարել: Գերմանական և ավստրիական կոնցերների պայքարը դրամատիկ է նաև թիմային հաշվարկում: «Ռեդ Բուլը» Քաթարի Գրան-Պրիից հետո կրճատեց միավորների տարբերությունը` հասցնելով 5-ի:

5-րդ տեղի համար պայքարը ծավալվում է «Ֆերարիի» և «Մակլարենի» մրցարշավորդների միջև: Առայժմ «Մակլարենից» Լանդո Նորիսը առջևում է «Ֆերարիի» 2 մարզիկներից` Շարլ Լեկլերից և Կարլոս Սայնսից: Բրիտանացի Նորիսն ունի 153 միավոր, Լեկլերը` 152, Սայնսը` 145.5 միավոր: Վերջին շրջանում Նորիսի և ընդհանուր «Մակլարենի» վատ ցուցանիշները թույլ տվեցին, որպեսզի նախ «Ֆերարիի» մրցարշավորդները կրճատեն միավորների տարբերությունը անհատական պայքարում, ապա արդեն «Ֆերարին» թիմային հաշվարկում մեծ առավելություն ձեռք բերի:

Թիմային պայքարում աղյուսակն այսպիսին է.

Վերջին տասնամյակում այսպիսի և անհատական, և թիմային պայքար չի եղել: Մաքսը և «Ռեդ Բուլը» ունեն լավ շանսեր Հեմիլթոնի ու «Մերսեդեսի» մենիշխանությանը վերջ դնելու համար: Ֆորմուլա 1-ի հիբրիդային շրջանում «Մերսեդեսը» չի ունեցել իրեն հավասարը: Հեմիլթոնին կարողացել է հաղթել միայն Նիկո Ռոսբերգը, որը ևս եղել է գերմանական մեքենայի մրցարշավորդ: Մյուս տարվանից թիմերն անցնելու են նոր մեքենաների և սա վերջին շանսն է «Ռեդ Բուլի» համար` Ֆորմուլա 1-ի այս շրջանում որևէ բան նվաճելու:

Վազգեն Կարապետյան