Կերիկը 15 տարի անց հեռացավ Յունայթեդից

Մայքլ Կերիկը «Արսենալի» դեմ հաղթական խաղից հետո հայտարարել է, որ լքում է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այդպիսով, Կերիկը չի աշխատի Ռալֆ Ռանգնիկի շտաբում։

Անգլիացին «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնակատարն էր նոյեմբեր ամսից` Օլե Գունար Սուլշերի պաշտոնանկությունից հետո:

2006-ից 2018 թվականներին Կերիկը մանկունյանցիների կազմում անցկացրել է 464 հանդիպում: Նա հինգ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, իսկ 2008 թվականին՝ հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

2018 թվականին իր խաղային կարիերան ավարտելուց հետո Մայքլը սկսել է մարզչական աշխատանքը։ Նա սկզբում եղել է Ժոզե Մոուրինյոյի, իսկ հետո՝ Սուլշերի օգնականը։

«Այն ժամանակը, որ անցկացրել եմ այս հիանալի ակումբում, միշտ կլինի լավագույնն իմ կարիերայում:

Երբ ավելի քան 15 տարի առաջ ստորագրեցի պայմանագիր, նույնիսկ իմ ամենախենթ երազներում, չէի կարող պատկերացնել, որ այդքան շատ գավաթներ կնվաճեմ։

Իհարկե, ես երբեք չեմ մոռանա այս ֆանտաստիկ հիշողությունները թե՛ խաղացողի, թե՛ մարզչական շտաբի անդամի կարիերայում։

Այնուամենայնիվ, երկար մտորումներից հետո ես որոշեցի, որ հիմա ճիշտ ժամանակն է լքելու ակումբը», Կերիկի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը: