Թվեր և փաստեր․ Ինչ ռեկորդներ են գրանցել հավաքականները Եվրո-2020-ում

Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում դեռևս կայացել է միայն խմբային փուլը, բայց մենք արդեն մի քանի խոշոր ռեկորդների ենք ականատես եղել, ինչպես հավաքականների, այնպես էլ՝ անհատ ֆուտբոլիստների կողմից։

Իսպանացիների ֆենոմենը

Իսպանիայի հավաքականը, լինելով խմբի աուսթայսդերը, խմբային փուլի վերջին տուրում կարողացավ 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տանել Սլովակիայի նկատմամբ ու դուրս գալ փլեյ-օֆֆ։

Իսպանացիներին առաջին անգամ է հաջողվել այդքան գոլ խփել Եվրոպայի առաջնության խաղում։ Ավելի վաղ լավագույն արդյունքը 4 գոլն էր։

Հատկանշական ևս մեկ փաստ․ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներն արդեն 5 խաղ անընդմեջ վրիպում են 11-մետրանոց նշակետից։ Իսպանիայի հավաքականի 101-ամյա պատմության մեջ նման բան առաջին անգամ է տեղի ունենում։

Սլովակիայի հետ խաղում 11-մետրանոցը չկարողացավ դիպուկ իրացնել Ալվարո Մորատան, դրանից առաջ Ժերար Մորենոն վրիպել էր Լեհաստանի հետ Եվրո-ի խաղում (1-1) , Աբել Ռուիսը չէր կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը Լիտվայի հետ ընկերական խաղում (4-0) , իսկ Սերխիո Ռամոսը երկու անգամ 11-մետրանոցի նշակետից վրիպել էր Շվեյցարիայի հետ (1-1) Ազգերի լիգայի խաղում։

🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Անգլիայի հավաքականի յուրահատուկ ցուցանիշը

Գարեթ Սաութգեյթի սաները խմբային փուլում խփեցին ընդամենը երկու գնդակ (առաջինը՝ Խորվաթիայի դարպասը, երկրորդը՝ Չեխիայի): OptaJoe- ի համաձայն ՝ բրիտանացիները դարձել են պատմության մեջ ամենաանարդյունավետ թիմը, ովքեր հաղթել են իրենց խումբը Եվրոյում:

Բացի այդ, Անգլիան Եվրոպայի առաջնությունում միայն 3-րդ անգամ է գլխավորել իր խումբը: Նախկինում դա տեղի էր ունեցել 1996-ին և 2012-ին:

Ի դեպ, Խորվաթիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակն անգլիացիների համար առաջինն էր Եվրոպայի առաջնությունների մեկնարկային խաղում՝ պատմության մեջ: Դրա համար նրանցից 43 տարի պահանջվեց: Խորվաթիայի դեմ խաղում Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դարձավ Եվրոպայի առաջնության պատմության ամենաերիտասարդ խաղացողը (17 տարեկան 349 օրական): Այդուհանդերձ, Բելինգհեմի ռեկորդից մի քանի օր անց Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կացպեր Կոզլովսկին այն գերազանցեց՝ Իսպանիայի հետ խաղում փոխարինման մտնելով 17 տարեկան 246 օրական հասակում։

Գերմանացիների ռեկորդային 302 գոլերը ԵԱ-ում և ԱԱ-ում

Գերմանիայի հավաքականը, 4-2 հաշվով հաղթելով Պորտուգալիային, միջազգային խոշոր մրցաշարերում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում իր գոլերի թիվը հասցրեց 302-ի, ինչը ռեկորդային է թիմի համար։

Առհասարակ, եվրոպական որևէ այլ թիմի չի հաջողվել գերազանցել 300 գոլի ցուցանիշը։

🏴󠁧󠁢󠁳󠁣󠁴󠁿 11 մասնակցություն և 11 ձախողում

Շոտլանդիայի հավաքականը Եվրոպայի և աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին 11 մասնակցություն է ունեցել և բոլոր դեպքերում էլ չի հաղթահարել խմբային փուլի արգելքը։

Անզուգական Նիդերլանդները

Նիդերլանդների ընտրանին ֆանտաստիկ խմբային փուլ անցկացրեց՝ հաղթելով բոլոր երեք խաղերում։ Նարնջագույնները պատմության մեջ երրորդ անգամ հաղթեցին Եվրոպայի առաջնությունների խմբային փուլի բոլոր երեք խաղերում (2000, 2008 & 2020)։

🇮🇹 Անպարտելի Իտալիան

Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտներից մեկն՝ Իտալիայի հավաքականը, արդեն 30 խաղ անընդմեջ պարտություն չի կրում։ Վերջին անգամ Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը պարտություն է կրել 2018թ․ նոյեմբերի 10-ին՝ Ազգերի լիգայում 0։1 հաշվով զիջելով Պորտուգալիային։

Իտալացիները 100 տոկոսանոց արդյունքով՝ խմբային փուլի երեք տուրից հետո վաստակելով 9 միավոր, դուրս եկան ԵԱ-ի 1/8 եզրափակիչ։

Ի դեպ, Իտալիայի հավաքականը, Անգլիայի հետ միասին, Եվրո-ի ընթացիկ խաղարկության՝ դեռևս միակ թիմերն են, որոնք մինչ այժմ գոլ բաց չեն թողել խմբային փուլում՝ անառիկ պահելով սեփական դարպասը։ Այստեղ կարող էր լինել նաև Շվեդիայի հավաքականի անունը, սակայն, վերջիններս, երեկ՝ խմբային փուլի վերջին տուրում, 3-2 հաշվով ավարտեցին հանդիպումը Լեհաստանի հետ։

Առաջին մասնակցությունը ԵՎՐՈ-ի փլեյ-օֆֆին

C խմբի վերջին տուրի խաղում Ավստրիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Ուկրաինային։ Այս հաղթանակը Ավստրիայի ընտրանուն թույլ տվեց 6 միավոր վաստակել ու խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնել՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլ։ Խոշոր մրցաշարի վճռորոշ փուլի ավստրիացիները վերջին անգամ մասնակցել էին 1954 թվականին՝ ԱԱ-ում։

Եվրո-ի փլեյ-օֆֆ փուլին առաջին անգամ կմասնակցի նաև Ուկրաինայի հավաքականը։ Անդրեյ Շևչենկոյի թիմն իր խմբում երրորդ տեղը զբաղեցրեց ու պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ  Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ։

Եվրո-1996-ին, 2000-ին, 2004-ին և 2008-ին ուկրաինացիները չորակավորվեցին, իսկ Եվրո-2012-ին և Եվրո-2016-ին չկարողացան դուրս գալ խմբից։

Շվեյցարիայի հավաքականի ամենախոշոր հաշվով հաղթանակն ու պարտությունը

Եվրոպայի ընթացիկ առաջնության խմբային փուլում Թուրքիայի նկատմամբ տարած 3-1 հաշվով հաղթանակը Շվեյցարիայի ընտրանու համար ամենախոշորն էր Եվրոպայի առաջնություններում։ Սա նաև շվեյցարացիների կատարմամբ ամենաարդյունավետ խաղն էր՝ 4 գոլով։

Ամենախոշոր հաշվով պարտության հակառեկորդը շվեյցարացիները կրկնել են այս Եվրո-ում։ Խմբային փուլում Իտալիայից կրած 0-3 հաշվով պարտությունն ամենախոշորն էր Շվեյցարիայի հավաքականի համար։

Հ․Գ․ Թուրքիայի հավաքականի հակառեկորդը Եվրոպայի առաջնություններում

Թուրքերն ընթացիկ Եվրոյի ձևաչափի պատմության մեջ առաջինն են (երբ խաղում են 16 և 24 թիմեր), որ մրցաշարն ավարտում են զրո միավորով։ Այսպիսի ցուցանիշ այս հավաքականի դեպքում գրանցվում է երկրորդ անգամ:

Թուրքիայի հավաքականն ընդգրկված էր Եվրո-2020-ի A խմբում և երեք հանդիպումներում կրել է նույնքան պարտություն։

1996թ Եվրոպայի առաջնությունում այս հավաքականը ևս ոչ մի միավոր չէր վաստակել՝ չկարողանալով գրավել մրցակիցների դարպասը և բաց թողնելով 5 գնդակ։

Եվս մի քանի հետաքրքիր ռեկորդային ցուցանիշ՝ Եվրո-2020-ից

Ամենահեռահար գոլը ԵԱ-ի ու ԱԱ-ի պատմության մեջ

Այն հեղինակեց Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկը։ Ֆուտբոլիստը 45,5 մետրից գրավեց Շոտլանդիայի դարպասը՝ դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։

Նախկին ռեկորդը պատկանում էր Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան։ Նա Աշխարհի 2020 թվականի առաջնությունում գոլ էր խփել 43 մետրից՝ գրավելով Չիլիի հավաքականի դարպասը։

Ռեկորդ՝ գնդակին տիրելու առումով

Իսպանիայի հավաքականը Շվեդիայի հետ խաղում (0-0) գերազանցել է գնդակին տիրելու ռեկորդը։ Լուիս Էնրիկեի ֆուտբոլիստները ժամանակի 85,1%-ում տիրել են գնդակին։ Հարկ է նշել, որ այս վիճակագրությունը գրանցվում է Եվրո-1980-ից ի վեր, որն անցկացվեց Իտալիայում։

Ռեկորդ՝ ինքնագոլերի քանակով

Եվրոպայի ընթացիկ առաջնության մեկնարկից ի վեր ֆուտբոլիստները 8 անգամ գնդակն ուղարկել են սեփական դարպասը։ Սա ավելին է, քան Եվրոպայի վերջին 5 առաջնություններում միասին վերցված (7 ինքնագոլ)։

Եվրո-2020-ում ինքնագոլեր են հեղինակել Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը Ֆրանսիայի դեմ խաղում (0-1), Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչենսին՝ Սլովակիայի դեմ խաղում (1-2), Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը՝ Իտալիայի դեմ խաղում (0-3), Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ռուբեն Դիաշն ու Ռաֆայել Գերեյրուն՝ Գերմանիայի հետ խաղում (2-4), Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստ Յուրայ Կուցկան և դարպասապահ Մարտին Դուբրավկան՝ Իսպանիայի հետ խաղում (0-5), ինչպես նաև Ֆինլանդիայի հավաքականի դարպասապահ Լուկաշ Գրադեցկին՝ Բելգիայի հետ խաղում (0-2)։

Համեմատության համար նշենք՝ Եվրոպայի նախորդ առաջնությունում՝ 2016 թվականին, 3 ինքնագոլ էր գրանցվել։

Հ․Գ․ Եվրո-2020-ի ռեկորդների մասին այս նյութում, հավանաբար, փնտրեցիք նաև Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անունը, բայց այդ մասին՝ առանձին։)

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: