Մաքս Ֆերստապեն. Մրցավազքում վճռորոշ եղավ մեկնարկը

Ֆորմուլա 1-ի Մեխիկոյի Գրան-Պրիում Մաքս Ֆերստապենը մեկնարկեց 3-րդ հորիզոնականից, սակայն վերջնագիծը հատեց առաջինը:

«Մեկնարկում հետաքրքիր պայքար եղավ, երբ 3 մեքենա շարժվում էր կողք կողքի: Այդ պահին հարկավոր էր, որքան հնարավոր է ուշ արգելակել, մինչև առաջին շրջադարձը: Ես կարողացա դուրս չգալ ճանապարհից և 3-րդ հորիզոնականից բարձրացա 1-ին: Այս պահը վճռորոշ եղավ մրցավազքի համար, քանի որ ես պետք է կենտրոնանայի միայն իմ աշխատանքի վրա: Բացի այդ մեքենայի տեմպը թույլ էր տալիս, որպեսզի հանգիստ լինեմ:

Մրցաշրջանի ավարտին դեռ կան մի քանի Գրան-Պրիներ, մենք լավ դիրքում ենք, սակայն ամեն բան կարող է փոխվել: Պետք է լավագույնս ներկայանալ մրցաշրջանի մնացած հատվածին:

Հոլանդացի 24-ամյա մրցարշավորդը 312.5 միավորով առաջատար է և 19 միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում ընթացող բրիտանացի Լյուիս Հեմիլթոնին: