Մերոնք դրսում․ Սելարայանի բենեֆիսը. Պողոսյանը դուրս եկավ Հունաստանի գավաթի խաղարկության հաջորդ փուլ, Բաքերջյանը՝ գոլի հեղինակ

Արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներն իրենց ակումբների կազմում մասնակցեցին հերթական հանդիպումներին։

🇮🇹 ⚽ Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթանակի հասավ «Կալյարիի» նկատմամբ։ «Ռոմայի» կազմում առաջին խաղակեսին մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ «Գայլերը» մրցաշարային աղյուսակում ընթանում են չորրորդ հորիզոնականով։

🇺🇸 ⚽ MLS-ի 32-րդ «Կոլամբուս Քրյուն» 3-2 հաշվով հաղթեց «Օրլանդո Սիթիին»։ «Կոլամբուս Քրյուի» կազմում մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Լուկասը փոխարինվեց 75-րդ րոպեին։ «Կոլամբուսը» մրցաշարային աղյուսակում 10-րդն է։

🇷🇺 🏆 Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում «Խիմկին» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց «Բալթիկային»։ Վնասվածքի պատճառով հանդիպմանը չմասնակցեց Հայաստանի հավաքականի անդամ Դավիդ Դավիդյանը։ Մեր հավաքականի մեկ այլ խաղացողէ Իշխան Գելոյանը, «Բալթիկայի» կազմում ստացավ 83 րոպե խաղաժամանակ։ Խմբային փուլի վերջնական արդյունքներով Կալինինգրադը ներկայացնող ակումբը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

🇷🇺 🏆 Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում «Ռոստովը» 0-2 հաշվով զիջեց Մոսկվայի «Տորպեդոյին»։ «Ռոստովի» կազմում 62-րդ րոպեին փոխարինվեց հայազգի Պավել Գորելովը։ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Սերգեյ Կոչկանյանը մնաց պահեստայինների նստարանին։ «Ռոստովը» լքեց գավաթի մրցաշարը։

🇷🇺 🏆 Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում «Կուբանը» 3-0 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»։ «Կուբանի» կազմում 63-րդ րոպեին խաղադաշտ մտավ Արթուր Սարկիսովը։ Հյուրերի կազմում Էդուարդ Սպերցյանը փոխարինման մտավ ընդմիջմանը։ «Կուբանը» պայքարը կշարունակի 1/8 եզզրափակչում։

🇷🇺 🏆 Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում «Վելեսը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Տուլայի «Արսենալի» հետ, սակայն մրցակցին զիջեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում։ «Վելեսի» միակ գոլը խփեց Արթուր Գալոյանը։ Գալոյանի թիմը դուրս մնաց մրցաշարից։

🇳🇱 🏆 Նիդեռլանդների գավաթի խաղարկության 1/32 եզրափաակչում «Ռեյնսբուրգսե Բոյսը» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Դե Տրեֆֆերսի» հետ, սակայն մրցակցին զիջեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով։ «Ռեյնսբուրգսե Բոյսի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց և գոլի հեղինակ դարձավ Մասիս Բաքերջյանը։ Ընդհանու արդյունքներով նրա թիմը լքեց գավաթի խաղարկությունը։

🇧🇪 🏆 Բելգիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Լյերսը» 1-2 հաշվով զիջեց «Հեվերլի Լուվենին» և լքեց հետագա պայքարը։ «Լյերսի» կազմում հանդիպմանը մասնակցեց Իվան Յագանը։

🇺🇦 🏆 Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Չերնոմորեցը» 0-3 հաշվով զիջեց «Շախտյորին» և լքեց գավաթի խաղարկությունը։ «Չերնոմորեցի» կազմում 66-րդ րոպեին խաղադաշտ մտավ Արթուր Ավագիմյանը։

🇬🇷 🏆 Հունաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Իոնիկոսը» 2-1 հաշվով առավելության հասավ «Քսանտիի» նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ «Իոնիկոսի» կազմում առաջին խաղակեսին մասնակցեց Վասիլիոս Պողոսյանը։