Օսասունային հաղթելու դեպքում Ռեալը պատմական ցուցանիշ կգրանցի

Մադրիդի «Ռեալը» մոտ է պատմաական ցուցանիշ գրանցելուն։

Լա Լիգայի 11-րդ տուրում «Օսասունային» հաղթելու դեպքում «Արքայական ակումբն» իր պատմության մեջ կունենա 2500 հաղթանակ։ 119 տարվա պատմություն ունեցող ակումբը մինչ օրս անցկացրել է 4223 հանդիպում՝ հաղթելով դրանցից 2499-ում, 808 խաղ անցկացնելով ոչ-ոքի և կրելով 916 պարտություն։ Այդ ընթացքում «Ռեալը» խփել է 9098 գոլ, բաց թողել՝ 4774-ը։

Բացի դրանից մադրիդյան գրանդի ֆուտբոլիստները ստացել են 4381 դեղին և 347 կարմիր քարտ։ Հաղթանակներից 1747-ը «սերուցքայինները» գրանցել են Լա Լիգայում, 393-ը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 270-ը՝ Չեմպիոնների Լիգայում և եվրոպական չեմպիոնների գավաթում, 33-ը՝ ՈՒԵՖԱ-ի գավաթում, 14-ը՝ Իսպանիայի սուպերգավաթում, 14-ը՝ Ռեկոպայում, 4-ական լիգայի գավաթում, Եվրոպայի սուպերգավաթում, լատինական գավաթում, 3-ը՝ միջմայրցամաքային գավաթում, 10-ը՝ աշխարհի թիմային առաջնությունում և մեկը՝ Էվու Դուարտեի անվան գավաթում։

Համեմատության համար նշենք, որ «Բարսելոնան» հիմնադրման օրվանից մինչ օրս անցկացրել է 4211 հանդիպում։