Վստահ եմ՝ անպայման շանս եմ ստանալու Ռայո Վալեկանոյի գլխավոր թիմում․ Վարուժան Հովհաննիսյան

Վերջին տարիներին Հայաստանի ազգային հավաքականի ամենախնդրահարույց դիրքերից մեկը շարունակում է մնալ դարպասապահի դիրքը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի ֆուդբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն ուշադրությամբ հետևում է արտերկրում հանդես եկող երիտասարդ և խոստումնալից ֆուտբոլիստներին։ Այդ ֆուտբոլիստներից մեկը 22-ամյա դարպասապահ Վարուժան Հովհաննիսյանն է, որն ապագայում կարող է կարիերայի այնպիսի աճ գրանցել, ինչի շնորհիվ կհրավիրվի Հայաստանի հավաքական՝ ուժեղացնելով վերջինիս կազմը։

Վարուժանը ծնվել է 1999 թվականի ապրիլի 23-ին ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում։ Ֆուտբոլային առաջին քայլերը Միացյալ Նահանգներում անելուց հետո 2019 թվականին մեկնել է Իսպանիա, որտեղ սկզբնական շրջանում հանդես էր գալիս «Լեգանեսի», իսկ 2021 թվականի փետրվարից մինչ օրս՝ «Ռայո Վալեկանոյի» երկրորդ թիմում։

Վարուժանի հետ զրուցել ենք իր անցած ճանապարհի, ունեցած դժվարությունների և հետագա նպատակների մասին։

-Վարուժան, որտե՞ղ և ե՞րբ ես սկսել կատարել ֆուտբոլային առաջին քայլերդ։

-Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել չորս տարեկանից։ Սկզբնական շրջանում խաղում էի հարձակման գծում, այնուհետև փոխեցի խաղային դիրքս՝ դառնալով դարպասապահ։ Առաջին թիմերը, որոնցում հանդես եմ եկել պատանեկան տարիքում, «Ալբիոնը» և «Սան Դիեգոն» էին։

-Մինչև 18 տարեկանդ լրանալը հանդես եկար «Սան Դիեգոյում», այնուհետև եղավ առաջարկ իսպանական «Լեգանեսից»։ Կպատմե՞ս՝ ինչպե՞ս կապվեցին քեզ հետ իսպանական ակումբից, և ինչպե՞ս տեղի ունեցավ տեղափոխությունդ։

-2018 թվականի հունվարին՝ խաղերից մեկի ժամանակ ձեռքի վնասվածք ստացա և մի քանի ամսով դուրս մնացի շարքից։ Սակայն վերջին երկու խաղերում արդեն ապաքինվել էի և մասնակցեցի կարևորագույն հանդիպումներին։ Այդ խաղերի ժամանակ մեր մոտ Իսպանիայից սկաուտ էր ժամանել, որպեսզի հետևի բոլոր ֆուտբոլիստներին։ Տաեսնելով իմ խաղը՝ նա ինձ առաջարկեց «Լեգանեսի» տարբերակը։ Մոտ երկու ամիս տևեց, մինչև ծնողներիս հետ քննարկեցինք, լուծեցինք վիզայի հարցերը, և ես տեղափոխվեցի Իսպանիա։

-Բայց քեզ սկզբում չընդունեցին «Լեգանեսի» ակադեմիայում, և դու որոշ ժամանակ հանդես եկար շատ ավելի ցածր դիվիզիոններում։

-Այո, երկու ամիս մնացի նրանց համակարգում։ Բայց եզրափակիչ քննությունների արդյունքում նրանք չհավանեցին ինձ։ Ես էլ որոշեցի չհանձնվել և մեկ քայլ հետ կատարել՝ հետագայում երկու քայլ առաջ գնալու համար։ Արդյունքում հանդես եկա Մադրիդի ցածր դիվիզիոնները ներկայացնող ակումբներում։ Մեկ տարի անց կրկին բախտս փորձեցի «Լեգանեսում», և այս անգամ նրանք տվեցին իրենց հավանությունը, որպեսզի խաղամ իրենց ակումբում։

-Մեկուկես տարի խաղացիր «Լեգանեսի» երկրորդ թիմում։ Բայց այս անգամ առաջ եկավ մեկ այլ խոչընդոտ՝ կորոնավիրուսը, և որոշեցիր վերադառնալ ԱՄՆ։

-Այդպես էլ եղավ։ Կարծես՝ ամեն ինչ իր բնականոն հունով էր ընթանում, և հանկարծ COVID-ը խառնեց բոլոր խաղաքարտերը։ Քանի որ ես մեր ընտանիքի միակ զավակն եմ, որոշեցի մեկնել ծնողներիս մոտ՝ այդ ծանր պահին նրանց կողքին լինելու համար։

-Դու ԱՄՆ-ում էիր, երբ առաջարկ եղավ՝ «Ռայո Վալեկանո» տեղափոխության հետ կապված։ Կպատմե՞ս այդ մասին։

-2020 թվականի սեպտեմբեր ամիսն էր, երբ մեր ընդհանուր ծանոթներից մեկն առաջարկեց ինձ այդ տարբերակը։ Սակայն, մինչև դեսպանատանը բոլոր հարցերը կարգավորեցինք, 2021 թվականի հունվարին նոր կարողացա մեկնել Իսպանիա։ Այդ ժամանակահատվածից մինչ օրս հանդես եմ գալիս «Ռայո Վալեկանոյի» երկրորդ թիմում։

-Ինչպե՞ս անցավ ադապտացիոն շրջանը։ Ինչպիսի՞ շանսեր կան՝ գլխավոր թիմ տեղափոխվելու։

-Ամեն ինչ շատ լավ է։ Առաջնության խաղամակարդակը նույնպես շատ է դուր գալիս։ Թիմում գրեթե բոլորը իսպանացիներ են։ Հրաշալի կոլեկտիվ է հավաքվել։ Մարզչի հետ ևս հրաշալի հարաբերություններ ունեմ։ Եվ վերջապես ամենակարևորի մասին․ այս ակումբի փիլիսոփայությունն այնպիսին է, որ նրանք մեծ տեղ են տալիս երիտասարդներին։ Եվ վստահ եմ, որ ես նույնպես ստանալու եմ իմ շանսը՝ հանդես գալու գկխավոր թիմի կազմում։

-Երբ նոր էիր տեղափոխվել «Ռայո Վալեկանո», լուսանկար էիր տեղադրել Զինեդին Զիդանի որդու՝ Լուկայի հետ, որը համարվում է ակումբի հիմնական թիմի դարպասապահ։ Ինչպիսի՞ կապ է պահպանվում հիմնական և երկրորդ թիմերի դարպասապահների միջև։

-Շփում կա թե՛ Լուկայի, թե՛ Ստոլե Դիմիտրևսկու հետ։Բայց ավելի շատ շփվում ենք դարպասապահների մարզիչների հետ։

-Իսկ ինչպե՞ս ես հաղթահարում լեզվական խնդիրները, եթե այդպիսիք կան։

-Լիովին տիրապետում եմ իսպաներենին։ Այդ առումով նույնպես որևէ խնդիր չունեմ։

-Վարուժան, ո՞վ է եղել մանկությանդ ամենասիրելի դարպասապահը։ Եվ ներկայիս դարպասապահներից որո՞նք են ըստ քեզ երեք լավագույնները։

-Մանկությանս ամենասիրելի դարպասապահը եղել է Դինո Ձոֆը։Չնայած, որ նրա խաղը չեմ տեսել, բայց տարբեր կադրերով նայելով շատ եմ հավանել վերջինիս ցուցադրած խաղը։ Իսկ ներկայիս լավագույն երեք դարպասապահներն ըստ իս Մանուել Նոյերը, Էդերսոնը և Մարկ Անդրե Տեր-Շտեգենն են։

-Իսկ շփում ունեցե՞լ ես հայ ֆուտբոլիստների հետ։

-Ոչ, ցավոք սրտի մինչ այժմ բախտ չի վիճակվել որևէ հայ ֆուտբոլիստի հետ շփում հաստատել։ ՈՒղղակի առիթ չի եղել։ Բայց մշտապես հետևում եմ Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների ելույթներին։

-Մինչ այժմ հրավեր չե՞ս ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ որևէ տարիքային հավաքականում խաղալու համար։

-Մինչ օրս հրավեր չեմ ստացել։ Միայն մեկ անգամ ինձ հետ կապնվել են՝ իմ մասին ինֆորմացիա ստանալու նպատակով։ Բայց պաշտոնական հրավեր դեռևս չեմ ստացել։

-Իսկ հրավեր ստանալու դեպքում պատրա՞ստ ես ընդունելու այն և հանդես գալու Հայաստանի հավաքականում։

-Միանշանակ պատրաստ եմ։ Մեծ սիրով կընդունեմ հրավերը և հանդես կգամ Հայաստանի հավաքականում։

Սուրեն Մելիքսեթյան