Հայաստանի և Ուկրաինայի հավաքականներից հրավեր ստանալու դեպքում միանշանակ կընտրեմ Հայաստանը․ Սիմոն Գալոյան

ArmSport-ն այս անգամ զրուցել է 19-ամյա կիսապաշտպան Սիմոն Գալոյանի հետ, որը ելույթ է ունենում Ուկրաինայի առաջին լիգան ներկայացնող «Կրեմեն» ակումբում։ Սիմոնը ծնվել է 2002 թվականի հուլիսի 2-ին Ռուսաստանի Սոլնեչնոգորսկ քաղաքում։ Երբ Սիմոնը դարձել է ութ ամսական, ծնողները, որոնք ծնունդով Շիրակի մարզի Լանջիկ գյուղից են, որոշում են կայացրել ընտանիքով տեղափոխվել Ուկրաինա։

-Սիմոն, ինչպե՞ս առաջացավ ֆուտբոլիստ դառնալու ցանկությունը։ Քանի՞ տարեկանից ես սկսել հաճախել մարզումների։

-Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել հինգ տարեկանից։ Հայրս շատ է սիրել ֆուտբոլ, բայց երիտասարդ տարիքում հնարավորություն չի ունեցել զբաղվելու իր սիրած մարզաձևով։ Դրանից հետո նրա մոտ միշտ ցանկություն է եղել, որ իր տղան դառնա ֆուտբոլիստ։ Հենց այդ պատճառով էլ ֆուտբոլն ընտրել եմ որպես մասնագիտություն։ Չնայած պետք է նշեմ, որ ես էլ փոքր տարիքից շատ էի սիրում այս մարզաձևը։

-Ո՞րն է եղել այն ակումբը, որտեղ արել ես ֆուտբոլային առաջին քայլերդ։

-Առաջին ակումբս եղել է Կիևի «Օբոլոնը», որը հիմա ելույթ է ունենում Ուկրաինայի առաջին լիգայում։ Այնտեղ խաղացել եմ մինչև 16 տարեկան դառնալս։

-Իսկ ի՞նչ եղավ, երբ լրացավ 16 տարեկանդ։

-Երբ դարձա 16 տարեկան, այլևս չէի կարող խաղալ պատանեկան թիմերում։ Բայց ակումբի ղեկավարությունը ցանկանում էր ինձ հետ կնքել պրոֆեսիոնալ պայմանագիր և շանս տալ դրսևորելու գլխավոր թիմի կազմում։ Պարզապես այդ ժամանակ ուկրաինական անձնագիր չունեի։ Այդ ընթացքում ինձ հրավիրեցին նաև Ուկրաինայի պատանեկան հավաքական, բայց նույն պատճառով չկարողացա միանալ հավաքականին։

Միայն երկու տարի անց ստացա անձնագիր և կնքեցի առաջին պայմանագիրս։ Առաջին կես տարվա ընթացքում խաղացի «Օբոլոնի» երկրորդ թիմում, որը ելույթ էր ունենում Ուկրաինայի երկրորդ լիգայում։ Այնուհետև տեղափոխվեցի գլխավոր թիմ։

-Իսկ ինչպե՞ս ստացվեց «Օբոլոնից» «Կրեմեն» տեղափոխությունը։ Արդյո՞ք չկային այլ տարբերակներ՝ կարիերան շարունակելու համար։

-Պարզապես այսպես ստացվեց։ Գործակալիս հետ որոշեցինք, որ նպատակահարմար կլինի գտնել այնպիսի ակումբ, որը քայլ առաջ կհամարվի։ Մի քանի այլ ակումբներ ևս հետաքրքրված էին իմ ծառայություններով, բայց նրանք ելույթ էին ունենում երկրորդ լիգայում (Երկրորդ լիգան հզորությամբ երրորդն է Ուկրաինայում)։ Այդպես էլ կայացավ տեղափոխությունս։

-Ինչքա՞ն ժամանակով է նախատեսված «Կրեմենի» հետ պայմանագիրը։

-Գործակալիս հետ քննարկելուց հետո որոշեցինք կնքել մեկ տարվա պայմանագիր։

-Ի՞նչ կասես առաջին լիգայի խաղամակարդակի մասին։ Արդեն ամբողջությամբ հարմարվել ե՞ս նոր ակումբին։

-Սկզբնական շրջանում այնքան էլ շատ չէի խաղում։ Որոշ ժամանակ անց սկսեցի փոխարինման մտնել վերջին 10-15 րոպեներին։ Իսկ նախորդ չորս հանդիպումներում առհասարակ խաղացել եմ մեկնարկային րոպեներից և առանց փոխարինվելու։ Այդ առումով ամեն բան արդեն կարգավորվել է։

Իսկ առաջնության մակարդակի հետ կապված վստահաբար կարող եմ ասել, որ շատ ուժեղ առաջնություն է։ Շատ մասնագետներ նշում են, որ այն հիմա ավելի ուժեղ է իր մակարդակով, քան Ուկրաինայի Պրեմիեր լիգան։ Առաջնությունում խաղում են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Մետալիստը» և «Կրիվբասը», որոնք վերջին ժամանակաշրջանում շատ ուժեղ ֆուտբոլ են խաղում։

-Սիմոն, դու խաղում ես կիսապաշտպանության կենտրոնում։ Մշտապես այդ դիրքու՞մ ես խաղացել, թե՞ տարիների ընթացքում ես դարձել հենակետային կիսապաշտպան։

-Գրեթե միշտ խաղային դիրքս եղել է կիսապաշտպանության կենտրոնը։ Չնայած առանձին խաղերում մարզիչներն ինձ օգտագործել են նաև հարձակման գծում, բայց այդպիսի դեպքերն այնքան էլ շատ չեն։

-Ես տեղյակ եմ, որ քո ամենասիրելի ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանն է։ Ի՞նչ կասես այդ մասին։

-Այո, իսկապես Հենրիխին շատ եմ սիրում։ Նա Ուկրաինայի առաջնությունում դարձավ լավագույն ռմբարկու, ինչից հետո նման փառահեղ ճանապարհ անցավ։ Հենրիխը շատ կարգապահ ֆուտբոլիստ է և կատարյալ օրինակ յուրաքանչյուր երիտասարդ ֆուտբոլիստի համար։

-Իսկ ո՞ր ակումբն է համարվում ամենասիրելին քեզ համար։ Եվ ո՞ր թոփ առաջնությունում կցանկանայիր հանդես գալ մի օր։

-Իմ ամենասիրելի ակումբները երկուսն են՝ «Բարսելոնան» և «Արսենալը»։ Իսկ թոփ առաջնություններից կցանկանայի օրերից մի օր հանդես գալ Իտալիայի Ա Սերիայում։

-Հետևու՞մ ես Հայաստանի հավաքականի և մեր ներքին առաջնության հանդիպումներին։

-Հավաքականի խաղերից և ոչ մեկը բաց չեմ թողնում։ Ինչ վերաբերում է առաջնության հանդիպումներին՝ ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում բոլոր խաղերը նայել, բայց հնարավորության դեպքում անպայման նայում եմ նաև առաջնության որոշ խաղեր։

-Հայաստանի հավաքականն առաջիկա երկու խաղերում մրցելու է Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ։ Ի՞նչ ակնկալիքներ ունես այդ խաղերից։

-Միգուցե կարծիքս զարմանալի թվա, բայց իմ կարծիքով Ռումինիայի դեմ շատ ավելի հեշտ հանդիպում է սպասվում, քան Իսլանդիայի։ Հայաստանի հավաքականն ի զորու է հաղթել ռումինացիներին։ Իսկ Իսլանդիայի հետ շատ ավելի բարդ հանդիպում է սպասվում։

-Թերևս վերջին հարցը։ Չնայած որ մեր զրույցի արդյունքում ինքս իմ մեջ ունեմ այս հարցի պատասխանը, բայց ցանկալի կլինի անձամբ քեզնից լսել։ Եթե միաժամանակ հրավեր ստանաս Ուկրաինայի և Հայաստանի հավաքականներից, ո՞ր հրավերը կընդունես։

-Երբ գա այդ օրը, և ինձ հրավիրեն երկու հավաքականներից, առանց մեկ վայրկյան մտածելու կհավաքեմ ճամպրուկս և կուղևորվեմ Հայաստանի հավաքական։

Սուրեն Մելիքսեթյան