Մերոնք դրսում․ Մխիթարյանը, Յագանը և Գալոյանը՝ գոլերի հեղինակ

Հանգստյան օրերին իրենց ակումբների կազմում հերթական հանդիպումներն անցկացրին արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստները։

Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրում «Ռոման» 2-0 հաշվով հաղթեց «Էմպոլիին»։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Մխիթարյանը փոխարինվեց հանդիպման 90-րդ րոպեին։ «Ռոման» 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։

Ղազախստանի պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Կաիրաթը» 3-1 հաշվով հաղթեց «Ակժայիկին»։ Կամո Հովհաննիսյանը տանտերերի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ «Կաիրաթը» ընթանում է երրորդ հորիզոնականով։

Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազը» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Արամ Ոսկանյանի գլխավորությամբ հանդես եկող «Ատիրաուի» հետ։ Ամբողջ հանդիպմանը մասնակցեցին «Ատիրաուի» ֆուտբոլիստներ Սոլոմոն Իմե Ուդոն, Արտակ Դաշյանը և Արամ Հայրապետյանը։ Վերջինս կարողացավ հետ մղել 11-մետրանոց հարված։ «Տարազը» հանգրվանել է մրցաշարային աղյուսակի 10-րդ, իսկ «Ատիրաուն»՝ 11-րդ հորիզոնականում։

«Աստանան» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Ժետիսուին»։Տիգրան Բարսեղյանը փոխարինվեց հանդիպման 71-րդ րոպեին։ Մինչ այդ Տիգրանը կատարել էր մեկ գոլային փոխանցում։ «Աստանան» 53 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Իսպանիայի Լա Լիգայի 8-րդ տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Վալենսիայի» հետ։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Վարազդատ Հարոյանը։ «Կադիսը» յոթ միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

Բելգիայի առաջին դիվիզիոնի առաջնության 7-րդ տուրում «Լյերսը» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Մուսկրոնի» հետ։ «Լյերսի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Իվան Յագանը։ Յագանը դարձավ նաև գոլի հեղինակ։

Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Հոֆենհայմը» մրցակցի դաշտում 1-3 հաշվով պարտվեց «Շտուտգարտին»։ Հյուրերի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց Սարգիս Ադամյանը։ Ադամյանի ակումբը ութ միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում «Ռոստովը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով առավելության հասավ «Լոկոմոտիվի» նկատմամբ։ Հյուրերի կազմում 67-րդ րոպեին փոխարինման մտավ Խորեն Բայրամյանը։ «Ռոստովը» ինը միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Դանիայի սուպերլիգայի 11-րդ տուրում «Սիլկեբորգը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց «Նորդշելանդին»։ Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից դաշտ դուրս եկավ Անդրե Չալըշըրը, որը 35-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց։ «Սիլկեբորգը» մրցաշարային աղյուսակում չորրորդն է։

Ռուսաստանի ազգային ֆուտբոլային լիգայի (ՖՆԼ) 15-րդ տուրում «Վելեսը» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Վոլգարին»։ Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեցին Արտյոմ Սիմոնյանն ու Արտյոմ Պողոսովը։ Իսկ հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց և միակ գոլը խփեց Արթուր Գալոյոնը։ «Վոլգարը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ, իսկ «Վելեսը»՝ 8-րդ հորիզոնականը։