Ես շատ եմ ամաչում․ Զինչենկոն՝ Ուկրաինայի հավաքականի կրած պարտության մասին

Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի խաղում Ավստրիայից կրած պարտությունից հետո հայտարարությամբ է հանդես եկել։ Թիմը խմբում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել ու պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը․

«Շատ դժվար կլինի նկարագրել այն, ինչ կա իմ ներսում։ Իհարկե, մեծ հիասթափություն։ Անձամբ ես մեծ պատասխանատվություն եմ զգում, չէ՞ որ մենք պետք է ավելի լավ հանդես գայինք։ Այն, թե մենք ինչպես խաղացինք առաջին կեսում, անընդունելի է։Մենք պետք է ուսումնասիրենք մեր սխալները, խաղը։ Շատ կարելի է խոսել ֆիզիկական վիճակի մասին, բայց առանց հաղթողի հոգեբանության նման մրցաշարերում շատ դժվար է։

Երկրորդ կեսում մենք ներդրեցինք ողջ ուժերը, բայց Ավստրիան լավ թիմ ունի, և նրանք մեզ թույլ չտվեցին նորմալ պահեր ստեղծել։

Շատերը կխոսեն ֆիզիկական վիճակի, տեխնիկական պայմանների մասին։ Այո մենք շատ սխալներ թույլ տվեցինք, հարցեր չկան։ Արժանի ենք քննադատության, քանի որ մինչև խաղը հաղթողի դերում էինք մեզ զգում, մեզ բավարարում էր ոչ-ոքին, դա հիանալի հասկանում էինք, բայց ոչ ոք չէր խաղում ոչ-ոքիի համար։ Մենք հաղթում էինք հաղթանակի համար,փորձում էինք ներդնել մեր ողջ ուժերը, բայց սա մեզ համար անգին փորձ կլինի։ Ամբողջ մարզադաշտը մեզ առաջ էր մղում, բայց մենք չկարողացանք ոչ-ոքի արդյունքին հասնել։ Մենք շատ ենք ամաչում։

Կսպասենք, որ բոլոր խաղերն ավարտվեն մեզ հարմար արդյունքով, բայց բոլորս պետք է վերանայենք մեր խաղն ու գործին մեր վերաբերմունքը»,- Զինչենկոյի խոսքերն է փոխանցում «Футбол 1» / «Футбол 2» հեռուստաալիքների կայքը։