Կոնտեի խորհուրդը Տուխելին՝ Լուկակուի վերաբերյալ

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն շատերի կարծիքով անգլիական ակումբում դեռևս ցույց չի տալիս այն որակները, որոնց տիրապետում է։ Հարձակվողը վերջին չորս հանդիպումներում խաղադաշտը լքում է՝ առանց գոլ խփելու։

Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն, ում գլխավորությամբ Լուկակուն մեկ մրցաշրջանում դարձել էր 30 գոլի հեղինակ, մատնանշել է լոնդոնյան գրանդի մարզիչ Թոմաս Տուխելի սխալները՝ կապված Լուկակուի հետ։

«Լուկակուն սովորական հարձակվող չէ։ Նա բավականին շատ որակներ ունի, որոնցից կարելի է օգտվել։ Ռոմելուն հրաշալիորեն կարողանում է մարմնով գնդակը պահել իր մոտ, կարողանում է լավ գործել ինչպես խորքից, այնպես էլ տուգանային հրապարակի ներսում։

Առայժմ նրանից չեն կարողանում քաղել առավելագույնը։ Լուկակուին չի կարելի օգտագործել միայն մեկ դիրքում»,-52-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Italia-ն։