Ինչպես է Ալեքսանդր Կարապետյանը ազդել Շերիֆի ֆուտբոլիստի կարիերայի աճի վրա

Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է Տիրասպոլի «Շերիֆի» կիսապաշտպան Սեբաստիան Թիլի մասին, որը երեկ կայացած Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման վերջին րոպեին դարձավ պատմական գոլի հեղինակ։

«Ես համոզեցի Խուդյակովին («Տամբովի» այն ժամանակվա սպորտային տնօրենին)՝ Թիլին հրավիրել մեր ակումբ, չնայած այն հանգամանքին, որ բոլորը թերահավատորեն էին վերաբերում նրա կարողություններին։ Այսօր ես բազմաթիվ նորություններ եմ կարդացել նրա խփած գոլի մասին։ Գրեթե բոլոր լրատվականներն անդրադարձել են Սեբաստիանի ցուցադրած խաղին։ Այդ նորություններից շատերում տեսա, թե ինչպես է Խուդյակովը գովաբանում նրան։

Անկեղծ ասած այդ փաստն ինձ համար զարմանալի էր։ Ժամանակին բոլոր բանակցությունները ես եմ վարել, որ Թիլը Լյուքսեմբուրգից տեղափոխվի Ռուսաստանի պրեմիեր լիգա։ Երբ ես խաղում էի «Պրոգրես Նիդերկորն» ակումբում, մրցաշրջանի ընթացքում 29 գոլի հեղինակ դարձա, որոնց կեսի փոխանցումն ինձ կատարել էր հենց Թիլը։ Այնուհետև, երբ ես «Սոչիից» տեղափոխվեցի «Տամբով», առաջարկեցի ակումբի ղեկավարությանը՝ նրան նույ պես հրավիրել թիմ։

Այդ ակումբը և Խուդյակովը մինչ օրս պարտք են մեզ։ Ինձ համար շատ տհաճ էր, երբ Թիլին Եվրոպայից հրավիրեցի հեռավոր Ռուսաստան, իսկ ակումբը բոլորիս հետ նման կերպ վարվեց։ Շատ ուրախ եմ Սեբաստիանի համար և վստահ եմ, որ նա դեռ իր մասին խոսել կտա բոլորին»,- այս մասին Հայաստանի հավաքականի հարձակվողն ասել է sportbox-ին տված հարցազրույցում։