Թուրինի «Յուվենթուսն» այսօր կերկարաձգի պայմանագրի ժամկետը ակումբի 27-ամյա ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի հետ։
Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան, կողմերը վերջնական համաձայնության են եկել և այսօր Թուրինում կստորագրեն թարմացված կետերով պայմանագիրը։ Ըստ աղբյուրի նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականը։
Օգոստոսին լրատվականները հայտնում էին, որ Դիբալան ցանկանում է նոր պայմանագիրը կնքել մինչև 2026 թվականը, որն իր մեջ կներառի տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, ևս երկու միլիոն՝ բոնուսների տեսքով։
Իսկ թուրինյան ակումբն իր հերթին առաջարկում էր պայմանագիր՝ մինչև 2025 թվականը՝ իր մեջ ներառելով տարեկան 8,5 միլիոն եվրո աշխատավարձ, ևս մեկ միլիոն եվրո՝ բոնուսների տեսքով։
Հին պայմանագրով արգենտինացին ստանում էր տարեկան յոթ միլիոն եվրո աշխատավարձ։