Անգելովսկին լքում է Հս․Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականը Եվրոպայի 2020 թ. առաջնությունից հետո կմնա առանց գլխավոր մարզչի: Իգոր Անգելովսկին հայտարարեց, որ հեռանալու է թիմից: Երեկ՝ հունիսի 21-ին, մակեդոնացիները Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում պարտվեցին Նիդերլանդներին (0: 3) ու լքեցին մրցաշարը:

«Ինձ համար պատիվ էր գլխավորել այս թիմը Եվրոպայի առաջնությունում: Մենք ուզում էինք ավելի լավ արդյուքներ գրանցել, բայց ոչ ոք չպետք է վշտանա, քանի որ սա մեր դեբյուտն էր մեծ բեմում: Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին գործադրած ջանքերի համար:

Այս թիմը պատմություն կերտեց՝ դուրս գալով ԵՎՐՈ: Եվ մենք պետք է շնորհակալություն հայտնենք Պանդևին այն ամենի համար, ինչ նա արել է Հյուսիսային Մակեդոնիայում ֆուտբոլի համար: Ինձ բախտ է վիճակվել հինգ ու կես տարի աշխատել մի մարդու և մի ֆուտբոլիստի հետ, ով օրինակ է ծառայում ուրիշների համար և բարձրացնում նշաձողն ապագա սերունդների համար:

Այս կարգավիճակով սա իմ վերջին ասուլիսն է: Իմ պայմանագրի ժամկետն ավարտվում է հուլիսի 31-ին, և ես հեռանում եմ », – Անգելովսկու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: