Առայժմ Մեսսիի էֆեկտը չի գործում․ Արշավին

«Զենիթի», Լոնդոնի «Արսենալի» և Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեյ Արշավինը մեկնաբանել է մրցաշրջանի սկզբում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի անհաջող խաղը: ՊՍԺ-ի կազմում անցկացրած երեք խաղում նա ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։

«Առայժմ Մեսսիի էֆեկտը չի գործում: Անհասկանալի է, թե ինչպես է դա լինելու։ Կարծում եմ, որ Պոչետինոն, բացի լավ խաղացողից, իր համար նաև խնդիրներ է ձեռք բերել: Նրանք միշտ 4-3-3 սխեմայով են խաղացել, որտեղ Դի Մարիան օգնում է պաշտպանությունում:

Իսկ հիմա Մեսսին է ավելացել․ Նեյմարը, Մեսսին և Մբապեն գործնականում չեն պաշտպանվում: Շատ դժվար կլինի:

Այս պահին Մեսսին օտար տա՞րր է ՊՍԺ-ում: Իմ կարծիքով` այո: Մեսսին շատ է գնդակ պահում, իսկ ՊՍԺ-ն ուժային և արագ ֆուտբոլ է դավանում: Մեսսին շատ է սիրում գնդակին դիպչել: Կարծում եմ, որ հիմա մարզիչը ավելի շատ խնդիրներ ունի, քան իսկապես ուրախ է, որ կա Մեսսին: Բայց ինչ-որ բան պետք է անել, նրան պահեստայինների նստարանին չես պահի: Նա պետք է գտնի իր տեղը, հարմարվի»,- մեջբերում է Արշավինին Match TV-ն: