Մոուրինյոն 48-րդ մարզիչն է աշխարհում, ում հաջողվել է հատել 1000 խաղի սահմանագիծը

Իտալիայի Ա Սերիայի երրորդ տուրի` «Սասուոլոյի» դեմ խաղը 1000-րդն էր «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարիերայում:

Այս ցուցանիշով «յուրահատուկը» դարձավ երկրորդ պորտուգալացին, որին հաջողվել է հատել 1000 խաղի սահմանագիծը` որպես գլխավոր մարզիչ: Անցած ամռանը նման ցուցանիշ գրանցեց Ֆերնանդու Սանտուշը, ում ակտիվում այժմ գրանցված է 1008 խաղ:

Գործող մարզիչներից լավագույն արդյունքն ունի «Միդլսբրոյի» գլխավոր մարզիչ Նիլ Ուորնոքը: 72-ամյա մասնագետի ակտիվում կա 1545 խաղ:

Մեկ ակումբում անցկացրած խաղերի ռեկորդակիրը շոտլանդացի Վիլլի Մեյլին է: 43 տարի գլխավորելով «Սելթիկը»` Մեյլին ընդհանուր առմամբ անցկացրել է 1612 խաղ:

Ֆուտբոլի պատմության մեջ միակ մարզիչը, ում հաջողվել է հատել 2000 խաղի սահմանագիծը լեգենդար Սըր Ալեքս Ֆերգյուսոնն է: «Մանչեսթեր Յունայթեդի» կենդանի լեգենդի ակտիվում գրանցված է 2155 հանդիպում: