Մերոնք դրսում. Առուստամյանը և Կորյանը դուբլի հեղինակ, այլ արդյունքներ

Արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներն անցած հանգստյան օրերին անցկացրին հերթական հանդիպումները:

Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չերնոմորեցը» մրցակցի դաշտում 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Մինայի» հետ: Հյուրերի երկրորդ գոլը խփեց Արթուր Ավագիմյանը, որը խաղադաշտում անցկացրեց 88 րոպե: «Չերնոմորեցը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը:

Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ն սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվեց Մինսկի «Դինամոյին»: Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայկ Մուսախանյանը: «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ն ընթանում է 12-րդ հորիզոնականով:

Բելգիայի առաջին դիվիզիոնի առաջնության 4-րդ տուրում «Լյերսը» 4-1 հաշվով հաղթանակի հասավ «Մոլենբեկի» նկատմամբ: Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից դաշտ դուրս եկավ Իվան Յագանը, որը փոխարինվեց 81-րդ րոպեին: «Լյերսը» մրցաշարային աղյուսակում երկրորդն է:

Ռուսաստանի ազգային ֆուտբոլային լիգայի (ՖՆԼ) 10-րդ տուրում «Մետալուրգը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Կուբանին»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արթուր Առուստամյանը, որն իր ակտիվում գրանցեց նաև մեկ գոլային փոխանցում: Առուստամյանը խաղադաշտում անցկացրեց 89 րոպե, իսկ «Կուբանի» կազմում 60 րոպե խաղաժամանակ ստացավ Արթուր Սարկիսովը: «Կուբանը» ընթանում է 18-րդ` իսկ «Մետալուրգը» 19-րդ հորիզոնականով:

Ռուսաստանի ազգային ֆուտբոլային լիգայի (ՖՆԼ) 10-րդ տուրում «Օրենբուրգը» մրցակցի դաշտում 4-0 հաշվով ջախջախեց «Կամազին»: Հյուրերի կազմում դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Արշակ Կորյանը: Արշակը փոխարինվեց 81-րդ րոպեին: «Օրենբուրգը» մրցաշարային աղյուսակում երկրորդն է:

Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ուկրաինական «Ժելստրոյ-1»-ը 3-1հաշվով հաղթեց Կիպրոսի «Ապպոլոնին»: «Ժելստրոյ-1»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց մեր հավաքականի ֆուտբոլիստ Քրիստինե Ալեքսանյանը, որը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ: Այս դիմակայության առաջին խաղում կրկին հաղթել էր ուկրաինական ակումբը 2-1 հաշվով: Այսպիսով, «Ժելստրոյ-1»-ը հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: