Մերոնք դրսում. Ծկանյանը` դուբլի, Հայրապետյանը և Բուդաղյանը գոլային փոխանցումների հեղինակ

Հանգստայան օրերին արտերկրում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստներ իրենց ակումբների կազմերում մասնակցեցին հերթական խաղերին:

Ռուսաստանի ազգային ֆուտբոլային լիգայի (ՖԱԼ) 9-րդ տուրում «Սպարտակ-2»-ը մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «ԲՄԱ-Խաբարովսկին»: Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Ստեփան Հովհաննիսյանը: «Սպարտակ-2»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

Ռուսական ՖԱԼ-2-ի առաջին խմբի 7-րդ տուրում «Չերնոմորեցը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթեց «Ալանիա-2»-ին: Տանտերերի դարպասապահ Արտյոմ Դելինյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Յուրի Բուդաղյանը փոխարինման մտավ 60-րդ րոպեին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ: «Չերնոմորեցի» գլխավոր մարզիչն է Էդուարդ Սարկիսովը: Յոթ տուրից հետո «Չերնոմորեցը» զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

ՖԱԼ-2-ի առաջին խմբի 7-րդ տուրում «Դինամո Ստավրոպոլը» 3-0 հաշվով հաղթեց «Կուբան Հոլդինգին»: Հաղթող թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերգեյ Ծկանյանը, որը փոխարինվեց 88-րդ րոպեին: «Դինամոյի» կազմում 72-րդ րոպեին խաղադաշտ մտավ Վիկտոր Ավետիկովը: Հյուրերի կազմում 74-րդ րոպեին փոխարինվեց Արման Փահլևանյանը: Իսկ Դավիթ Պապիկյանը մնաց պահեստայինների նստարանին:
«Դինամոն» յոթ տուրից հետո զբաղեցնում է 10-րդ, «Կուբանը»` 17-րդ հորիզոնականը:

ՖԱԼ-2-ի երրորդ խմբի 8-րդ տուրում «Ռոդինան» մրցակցի հարկի տակ 5-0 հաշվով ջախջախեց «Սարանսկին»: Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Արսեն Հայրապետյանը, որը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ: «Ռոդինան» իր խմբում ընթանում է առաջին հորիզոնականով: