Տրանսֆերային թեժ ամառ. Այս տրանսֆերային պատուհանի գլխավոր իրադարձությունները

Արդեն երկու օր է, ինչ Եվրոպական թոփ առաջնություններում փակվել է ամառային տրանսֆերային պատուհանը: Ճիշտ է, դեռևս կան մի շարք լիգաներ, որտեղ դեռևս ակումբներին թույլատրվում է ֆուտբոլիստներ գրանցել, սակայն, դրանց թիվը այնքան էլ մեծ չէ:

Ժամանակն է ամփոփելու լավագույն տրանսֆերային իրադարձությունները: Գնացինք․․․


Դավիթ Ալաբա. «Բավարիայից»` «Ռեալ Մադրիդ». Ազատ գործակալ

«Արքայական ակումբը» վերջապես ձեռք բերեց Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստին, որին բավականին երկար ժամանակ ցանկանում էր տեսնել իր կազմում: Հուլիսի մեկին Ալաբան ազատ գործակալի կարգավիճակով հինգ տարվա պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ: Ի դեպ, 28-ամյա ֆուտբոլիստը, որպես ազատ գործակալ, համարվում է ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից մեկը: Ալաբան մադրիդյան ակումբում հանդես է գալիս 4 համարի մարզաշապիկով, որը ազատ էր մնացել Սերխիո Ռամոսի հեռանալուց հետո:


Էդուարդո Կամավինգա. «Ռեննից»` «Ռեալ Մադրիդ». 31 միլիոն Եվրոյի դիմաց

Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին «Սերուցքայինները» հասցրին իրականացնել 18-ամյա հենակետայինի տրանսֆերը: Տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ի վերջո «Ռեալը» ավելի վճռական գտնվեց և ֆուտբոլիստի հետ կնքեց 6 տարվա պայմանագիր:

Ջանլուիջի Դոննարումա. «Միլանից»` ՊՍԺ. Ազատ գործակալ

ԵՎՐՈ 2020-ի ավարտից օրեր անց փարիզյան ակումբը իրականացրեց հերթական աղմկահարույց գործարքը` կրկին առանց գեթ մեկ լումա ծախսելու: Իտալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն հռչակված և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված դարպասապահը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Փարիզ: Կողմերի միջև կնքվել է հինգ տարվա պայմանագիր:


Մարտին Էդեգոր. «Ռեալ Մադրիդից»` «Արսենալ». 35 միլիոն Եվրոյի դիմաց

Նորվեգացի կիսապաշտպանը այդպես էլ չկարողացավ ամրապնդվել իսպանական ակումբում: Էդեգորը նախորդ մրցաշրջանում վարձավճարով ելույթ ունեցավ «Արսենալի» կազմում, և վարձակալության ավարտից հետո վերադարձավ հարազատ ակումբ: Սակայն, Անչելոտին նույնպես վերջինիս չներառեց իր պլանների մեջ, և «զինագործները», օգտվելով ընձեռված հնարավորությունից, 35 միլիոն Եվրոյի դիմաց գնեցին 22-ամյա կիսապաշտպանին: Ֆուտբոլիստի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր:


Մեմֆիս Դեպայ. «Լիոնից»` «Բարսելոնա». Ազատ գործակալ

Կատալոնական ակումբը դեռևս նախորդ մրցաշրջանից էր ակտիվորեն հետևում Մեմֆիսի շուրջ ծավալվող իրադարձություններին: Այս տրանսֆերի իրականացման մեջ բավականին մեծ դերակատարում ունի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը: Դեպայի և իսպանական ակումբի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր:


Բեն Ուայթ. «Բրայթոնից»` «Արսենալ». 58.50 միլիոն եվրոյի դիմաց

23-ամյա պաշտպանի համար լոնդոնյան ակումբը վճարեց բավականին մեծ գումար: Սա վերջին տարիներին «Արսենալի» իրականացրած ամենախոշոր գործարքներից մեկն էր: Ուայթի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր:


Դայո Ուպամեկանո.«Լայպցիգից»` «Բավարիա». 42.50 միլիոն եվրոյի դիմաց

22-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Լիվերպուլը», սակայն մյունխենյան ակումբը շատ ավելի կտրուկ և համոզիչ գտնվեց և ֆրանսիացու հետ կնքեց 5 տարվա պայմանագիր:


Անտուան Գրիզման. «Բարսելոնայից»` «Աթլետիկո Մադրիդ». Վարձավճար

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը բավականին անակնկալ կերպով Գրիզմանը հայտնվեց իր նախկին ակումբում: Մեսսիի հեռանալուց հետո շատերի կարծիքով հենց ֆրանսիացին պետք է դառնար կատալոնացիների հիմնական շարժիչ ուժերից մեկն այս մրցաշրջանում, սակայն մայրաքաղաքային ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալեց իր նախկին առաջատարին: Ըստ պայմանագրի՝ ակումբը ցանկացած պահի կարող է ձեռք բերել Անտուանի ամբողջական տրանսֆերը՝ 40 մլն եվրոյի դիմաց։


Աշրաֆ Հակիմի. «Ինտերից»` ՊՍԺ. 60 միլիոն եվրոյի դիմաց

Մարոկկացի պաշտպանը ֆրանսիական ակումբի աստղային ձեռքբերումներից միակն էր, որի համար խոշոր գումար ծախսեց: Հակիմիի հետ փարիզյան ակումբը կնքել է 5 տարվա պայմանագիր: 22-ամյա պաշտպանի տրանսֆերը Լիգա 1-ում ամենաթանկարժեքն էր այս ամառ:


Ռաֆաել Վարան. «Ռեալ Մադրիդից»` «Մանչեսթեր Յունայթեդ». 40 միլիոն եվրոյի դիմաց

«Արքայական ակումբի» երկրպագուները ոչ միանշանակ ընդունեցին Վարանի հեռանալը: Մանավանդ, որ Ռամոսը ևս լքել էր «սերուցքայինների» կազմը: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ամեն ինչ արեց, որ Կիլիան Մբապեի տրանսֆերը գնելու համար ոչ մի խնդիր չլինի, բայց անգամ Վարանի վաճառքից ստացված գումարը չօգնեց իրականացնել Կիլիանի տրանսֆերը: 28-ամյա պաշտպանի և մանկունիանցիների միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր:


Սերխիո Ռամոս. «Ռեալ Մադրիդից»` ՊՍԺ. Ազատ գործակալ

Դեռևս անցած տարի էր խոսվում, որ Ռամոսը կարող է հեռանալ Մադրիդից, բայց ոչ ոք չէր հավատում (կամ չէր ուզում հավատալ), որ դա տեղի կունենա: Ի վերջո այս ամառ ամեն ինչ հանգուցալուծվեց, և 35-ամյա պաշտպանը ՊՍԺ-ի հետ կնքեց երկու տարվա պայմանագիր:


Ջեյդոն Սանչո. «Դորտմունդից»` «Մանչեսթեր Յունայթեդ». 85 միլիոն Եվրոյի դիմաց

21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը երրորդ ամենաթանկարժեք տրանսֆերն էր այս ամառ: Սանչոն անգլիական ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր: Նշենք, որ Սանչոն մանչեսթերյան մյուս ակումբի՝ «Մանչեսթեր Սիթիի» սան է։


Ռոմելու Լուկակու. «Ինտերից»` «Չելսի». 115 միլիոն Եվրո

Բելգիայի հավաքականի 28-ամյա հարձակվողը Իտալիայում երկու հրաշալի մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձավ իր նախկին ակումբ: Լուկակուի պայմանագիրը «ազնվականների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Նշենք, որ սա երկրորդ ամենաթանկարժեք գործարքն էր այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։


Ջեք Գրիլիշ. «Ասթոն Վիլայից»` «Մանչեսթեր Սիթի». 117.50 միլիոն Եվրո

Ահա և այս ամռան ամենաթանկարժեք տրանսֆերը: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով մի պահ հետաքրքրված էր նաև ՄՅՈՒ-ն, սակայն «քաղաքաբնակները» ի սկզբանե ֆավորիտ էին համարվում և կարողացան հաջողությամբ ավարտին հասցնել վերջինիս տեղափոխությունը: «Ասթոն Վիլան» իր հերթին բավականաչափ գումար վաստակեց՝ մի շարք հետաքրքիր ձեռքբերումների համար։


Սաուլ. «Աթլետիկոյից»`«Չելսի». Վարձավճար

Տրանսֆերային պատուհանի փակվելուց ժամեր առաջ «Չելսին» հայտնեց 26-ամյա կիսապաշտպանին մեկ տարով վարձակալելու մասին՝ հետագայում վերջինիս տրանսֆերի պարտադիր գնման տարբերակով: Հարկ է նշել, որ ըստ միջազգային մամուլի, Սաուլը որոշակի տարաձայնություններ ուներ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:


Կրիշտիանու Ռոնալդու. «Յուվենտուսից»`«Մանչեսթեր Յունայթեդ». 15 միլիոն եվրո

12 տարվա աներևակայելի «ճանապարհորդությունից» հետո Կրիշտիանուն վերադարձավ մի վայր, որը համարում է իր երկրորդ տունը: Հենց այստեղ պորտուգալացին նվաճեց իր առաջին Ոսկե գնդակը` հիմք դնելով ֆանտաստիկ կարիերային: Ռոնալդուն «կարմիր սատանաների» հետ կնքեց երկու տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերի արժեքը կազմեց 15 միլիոն եվրո:


Լիոնել Մեսսի. «Բարսելոնայից»՝ ՊՍԺ. Ազատ գործակալ

Ամենաանսպասելի և ամենաքննարկվող տրանսֆերներից մեկը վերջին տարիներին: Մեսսիի պարագայում ևս հեռանալու մասին խոսակցություններ կային` դեռևս անցած մրցաշրջանից սկսած: Սակայն, ոչ ոք չէր պատկերացնում, որ մի օր Լեոյին կտեսնենք այլ ակումբի մարզաշապիկով: 34-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր կնքեց Փարիզը ներկայացնող ակումբի հետ և վերցրեց 30 համարի մարզաշապիկը, որով էլ սկսել էր իր փառահեղ կարիերան «Բարսելոնայի» կազմում: