Ռայոլան Հոլանդի համար մեգաֆանտաստիկ աշխատավարձ է պահանջում

Գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի շահերը, իր հաճախորդի համար շատ շքեղ պայմաններ է պահանջում ակումբներից:

Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, Ռայոլան ցանկանում է, որ Հոլանդը, տրանսֆերի դեպքում, նոր ակումբում տարեկան վաստակի 50 միլիոն եվրո, իսկ գործակալն ինքը գործարքի համար միջնորդավճար ստանա 40 միլիոն եվրո:

Աղբյուրի համաձայն, հաջորդ տարի, ըստ նորկայիս գործող պայմանագրի, 21-ամյա նորվեգացուն գնելու տարբերակը 75 միլիոն եվրո է գնահատվում (կլաուսուլա), և բոնուսների տեսքով այն կարող է աճել մինչև 90 միլիոն:

2021/22 մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 4 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ: