Ճանապարհը շատ երկար էր, բայց երազանքս կատարվեց. Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն հռչակվելուց հետո

Շախմատի Եվրոպայի նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանը գրառում է կատարել սոց.ցանցի իր էջերում՝ բաղձալի չեմպիոնությունը նվաճելուց հետո կիսվելով տպավորություններով.

«Այնքան ուրախ եմ, որ կարողացա հաղթել Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Հաղթանակի ճանապարհը շատ երկար էր, բայց իմ երազանքը կատարվեց: Վերջապես ես կարողացա լրացնել Եվրոպայի իմ չեմպիոնական տիտղոսները:

2001 – արագ շախմատի Եվրոպայի առաջին առաջնության չեմպիոն
2003 – Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն
2006 – Եվրոպայի ակումբային Գավաթի հաղթող

Եվ հիմա՝ 15 տարի անց՝

2021 – Եվրոպայի կանանց չեմպիոն»,- գրել է Դանիելյանն ու տիտղոսով լուսանկար հրապարակել:

Էլինա Դանիելյանը նաև շնորհակալություն է հայտնել աջակցության համար.

«Անչափ զգացված և շնորհակալ եմ բոլոր ջերմ շնորհավորանքների համար: Մրցաշարի ամբողջ ընթացքում զգում էի բոլորիդ աջակցությունը, որն ինձ ուժ էր տալիս առաջ գնալու: Շնորհակալ եմ բոլորիցդ»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ հայկական շախմատի պատմության մեջ առաջին անգամ կանանց պայքարում Հայաստանը չեմպիոն ունեցավ: Հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը վերջին տուրում կարողացավ առավելության հասնել էստոնուհի Մաի Նարվայի նկատմամբ ու վաստակած 9 միավորով դառնալ Եվրոպայի չեմպիոն:

Անցկացրած 11 տուրում Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու չկրեց ոչ մի պարտություն: