Անհայտ անձինք Ռեալի ֆիրմային խանութից մարզահագուստներ են գողացել

Երեկ առավոտյան Մադրիդի «Ռեալի»՝ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում տեղակայված ֆիրմային խանութն ավազակային հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Հինգշաբթի օրը՝ տեղական ժամանակով առավոտյան 6։00-ին, մի խումբ հանցագործներ մեքենաներով մխրճվել են շինության ճակատային հատվածը։ Նրանք երեք ավտոմեքենաները լցրել են խաղային մարզաշապիկներով, հագուստներով և խանութի այլ ատրիբուտիկայով, ինչից հետո անհետացել են։

Ոստիկանությունն ուսումնասիրում է մարզադաշտի տեսախցիկների տեսագրությունները՝ փորձելով պարզել ավտոմեքենաների պետ․համարանիշները։ Ոստիկանները ենթադրում են ,որ բոլոր երեք ավտոմեքենաները գողացված են եղել։

Հիշեցնենք՝ այս պահին ընթանում է «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցման աշխատանքները։ Նախատեսվում է, որ մարզադաշտը նորից շահագործման կհանձնվի 2022 թվականին։ Վերջերս «Ռեալի» ֆուտբոլիստներն այցելել էին «Բերնաբեու»՝ ծանոթանալու շին․ աշխատանքներին։